«Արցախի հերոս» են տվել, պատերազմը տապալելու համար
Արդեն մի քանի օր է իշխանությունը զբաղված է պատերազմի դավադրությունները բացահայտելու իմիտացիայով։Ձերբակալում է եւ պատերազմի պարտության ողջ մեղավորությունը բարդելով բանակի բարձրաստիճան սպաների վրա, որոնցից շատերին առատորեն ազգային հերոսի եւ այլ բարձր պարգեւներ է շնորհել։
Երեկ մեղադրանք է ներկայացվել 44-օրյա պատերազմի ընթացքում Պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանին: Մեղադրանքում նշվում է, որ Հարությունյանն անփույթ վերաբերմունք է դրսևորել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ՝ չկատարելով և ոչ պատշաճ կատարելով դրանք:Այսինքն՝ինչ է ստացվում, Ջալալ Հարությունյանը հոկտեմբերի սկզբին իր պարտականությունների կատարումը տապալել է, բայց հոկտեմբերի վերջ «Արցախի հերոս»-ի կոչում է ստացել, ինչի՞ համար է ստացել, արդյո՞ք հենց տապալելու:
Օրերս նաեւ իշխանությունը եւս մեկ աղմկոտ ձերբակալություն իրականացրեց, որը շոու էր։
Ձերբակալվեց ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը։Նրան մեղադրում են Շուշին հանձնելու համար։
Զինված ուժերի հրամանատարությունը հերթի մեջ է ու դեռ շատ շատերն են ձերբակալվելու, որովհետեւ իշխանությունը ժողովրդի ուշադրությունը պիտի մի ձեւով շեղի եւ անորոշ ժամանակով պատերազմի պարտության մեղավորությունը բարդի բանակի գեներալների վրա, մինչդեռ գերագույն գլխավոր հրամանատարն է առաջին հերթին այս ամենի թիվ մեկ պատասխանատուն եւ մեղավորը։
