Արդյոք Փաշինյանը քաղաքական ժանգով չի ժանգոտում հասարակության ստվար հատվածի ուղեղները

Նիկոլ Փաշինյանը այսօր «Իմ քայլն» հանուն Արագածոտնի մարզի բիզնես համաժողովում բավական պատկերավոր կերպով ներկայացրեց «ժանգոտ կուզովի» հետ կապված քացր հուշերի մասին պատմող մի դրվագ։Այս մասին չխոսելն ուղղակի անկարելի է։ Տրամաբանությունն այն է, որ պետք է առաջ շարժվել, կեղծ սրբություններ ու կեղծ կուռքեր չստեղծել ու նվիրվել դրանց պաշտամունքին ու չպետք է թույլ տալ, որպեսզի ժանգը մեր վրա տարածվի։Իհարկե, սա շատ տեղին ու դիպում դիտարկում է, ու հենց այստեղ պետք է ասել, իսկ ինչու ինքը արդեն տարի ու կես հեղափոխական պոպուլիզմի, հանրահավաքային բառապաշարի ու կոչերի ժանգը պահում է գրպանում՝ հարկ եղած դեպքում օգտագործելու համար։ Ի վերջո հասկացանք, եղավ իշխանափոխություն կամ հեղափոխություն, նախկիններին մերժեցինք, պրծանք։ Հիմա արդեն առաջ շարժվելու ժամանակն է։ Ինչու ենք նույնիսկ խաղողի մթերման հարցում հիշում Մելիք Ադամյանի նիստերի դահլիճը։ Արդյոք սա էլ քաղաքական ժանգ չէ, որով Փաշինյանը անընդհատ ժանգոտում է հասարակության մի ստվար զանգվածի ուղեղները։ Ինչու է նա նեղն ընկած ժամանակ հիշում նախկիններին ու իր սիրած կարգախոսները, որոնք ընդամենը այսրոպեական զգացական ֆոն են ապահովում ու անցնում ջրի փրփուրի նման։ Եթե Փաշինյանը այդքան պրոգրեսիվ է, ապա թող փակի նախկինների էջը, վերջակետ դնի ու սկսի նոր էջից, արդեն կարգախոս ունենալով ոչ թե նախկինների դատափետումը, այլ պայծառ ապագայի կառուցումը։ Այլապես կստացվի որ հերթական անիմաստ խոսակցությունն է ու անկեղծության պակասը։
