Արդի հայ բանագիտության ռահվիրա Սարգիս Հարությունյանի ծննդյան 91-ամյակն է

 Սեպտեմբերի 22-ին լրանում է արդի հայ բանագիտության առաջատարներից մեկի՝ ականավոր բանագետ, հայագետ-արևելագետ Սարգիս Հարությունյանի ծննդյան 91-ամյակը:

Մեծ գիտնականն իր յուրահատուկ ու ծանրակշիր ներդրումն է ունեցել արդի հայ բանագիտության ձևավորման գործընթացում, բազմաթիվ ու բազմաբովանդակ ուսումնասիրությունների, աշխատությունների և հրապարակումների հեղինակ է:

Բանագիտությունը հումանիտար գիտաճյուղերի մեջ ունի յուրահատուկ դժվարություններ. մեր օրեր հասած նրա նյութերի զգալի մասը գալիս են նախապատմական,նախագրային ժամանակներից, սակայն իրենցում ամփոփում են մարդու հնագույն մտածողության ձեռքբերումները, մարդկության և աշխարհի վերաբերյալ վաղնջական պատկերացումները, երբեմնի կրոնական ընկալումները, մարդկային վերժամանակյա իմաստությունը: Այս բարդ երևույթները ճշգրիտ հասկանալու և մեկնաբանելու համար անհրաժեշտ է գիտահետազոտական ահռելի պատրաստվածություն, գիտելիքների հսկայական պաշար, աստվածային ձիրք և անմնացորդ նվիրում: Այս հատկանիշներն ունեցել է նաև հայ բանագիտության մեծ երախտավորներից Սարգիս Հարությունյանը:

«Թե՛ իր արտաքին նկարագրով,  թե՛ բնավորության անմիջական որոշ գծերով, նա, կարծես, սերում էր հին դարերից, սակայն հնությունը բերում էր իր ժամանակակիցներին թարմացնելու, նորացնելու մեծ ցանկությամբ», – այսպես են նրան հիշում Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայում, որտեղ նա աշխատել է շուրջ 60 տարի:

Սարգիս Բաղդուղիմեոսի Հարությունյանը ծնվել է 1928 թվականի սեպտեմբերի 22-ին Ղազանչի գյուղում։ Մանուկ հասակից հաղորդակից է եղել ժողովրդական բառ ու բանին, հավատալիքներին ու վիպաշխարհի։ 1947 թվականին ավարտելով Թիֆլիսի միջնակարգ դպրոցը՝ ընդունվել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի արևելյան բաժինը, ուսումնասիրել է պարսից լեզու և գրականություն։ Ուսանողական տարիներից առնչվել է իրանական հարուստ մշակույթին։ Հարությունյանը՝ որպես կրթված հայագետ, քաջատեղյակ էր նաև հարևան ժողովուրդների հետ հարաբերություննեին և պատմամշակութային կապերին։

1952 թվականին Հարությունյանը ավարտաճառ է գրում «Պարսկերենի տարրերը Սայաթ-Նովայի հայերեն խաղերում» թեմայով, որի միայն հավելվածը կազմել է 500 էջ։ Հետագայում գիտնականը հոդվածներ է նվիրում հայ-իրանական ու հայ-քրդական մշակութային-բանահյուսական աղերսներին։ 1956-1959թթ. Ս. Հարությունյանը գիտական գործունեություն է ծավալել ՀԽՍՀ ԳԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում։ 1960 թվականին նա տեղափոխվել է նորաստեղծ Հնագիտության և ազգագիտության ինստիտուտ։

1959 թվականին պաշտպանում է թեկնածուական ատենախոսություն՝ «Հայ ժողովրդական հանելուկներ» թեմայով։ 1959-1960թթ. կրտսեր գիտաշխատող էր Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում։ 1960-1972 թթ. կրտսեր, այնուհետև ավագ գիտաշխատող էր Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Հայ ժողովրդական բանահյուսության բաժնում։ 1971 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ «Մանուկ Աբեղյան. Կյանքն ու գործը» թեմայով։ 1992-2007 թթ. ինստիտուտի տնօրենի գիտական գծով տեղակալ էր, 2000 թվականին ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ։ Իր կյանքի վերջին շրջանում ղեկավարել է հնագիտության և ազգագրության ինստիտուտի բանահյուսության տեսության և պատմության բաժինը։ Սարգիս Հարությունյանը խորամուխ էր վիպական բանահյուսության, հատկապես հայոց ազգային հերոսավեպի, հմայական բանահյուսության տարբեր ժանրերի, առասպելաբանության, հայ հին գրականության, հայագիտության պատմության, արևելագիտության բնագավառների մեջ։ Հայ առասպելների քննությանը նվիրված նրա աշխատությունը՝ «Հայ առասպելաբանություն» վերնագրով, արժանացել է Համազգային հայ կրթական և մշակութային միության մրցանակին։

 Արդի մեծ գիտնականի բնագիտական գործունեության մյուս բնագավառը ներառում է հմայական բանահյուսության գրեթե բոլոր կարևոր ժանրերը՝ անեծքները, օրհնանքները, աղոթքները։ Իր աշխատություններով նա հիմք է դրել հայ ժողովրդական հանելուկների և հայ հմայական բանահյուսության գիտական ուսումնասիրությանը։

Նրա բանագիտական գործունեության ամենաընդգրկուն և ծանրակշիռ ոլորտը, սակայն, հայ բանահյուսության վիպական ժանրերն են, հատկապես ազգային հերոսավեպը (էպոսը): Նաև անուրանալի է Ս. Հարությունյանի ներդրումը «Սասնա ծռեր» հերոսավեպի նոր պատումների հայտնաբերման, գրառման հրատարակման ու հանրայնացման գործում։

Հարությունյանը հայ բանագիտության պատմությանն առհասարակ և մասնավորապես նրա երախտավորներին նվիրված բազմաթիվ աշխատանքների հեղինակ է։ Գիտական և գիտակազմակերպչական աշխատանքին զուգահեռ՝ նա նաև բազմափորձ ու խորագետ խմբագիրն է, երկար տարիներ գլխավորել է «Պատմաբանասիրական հանդեսի» խմբագրական աշխատանքները: Նրա խմբագրած մենագրությունների թիվն անցնում է քսանից։ Նշանավոր հայագետը նաև երկար տարիներ դասավանդել է Երևանի պետական համալսարանում և Հայաստանի այլ բուհերում («Բանագիտություն», «Հայ բանահյուսություն», «Հայ հին գրականության պատմություն»), բազմիցս եղել է պետական քննական հանձնաժողովի նախագահ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում:

Դասախոսական աշխատանքը թողնելուց հետո էլ նախանձախնդիր կերպով օգնել է երիտասարդ մասնագետներին: Հարությունյանի ղեկավարությամբ են պաշտպանել իրենց ատենախոսությունները գիտության շատ թեկնածուներ և դոկտորներ։ Սարգիս Հարությունյանը իր համեստ և առինքնող բնավորության շնորհիվ վայելում էր թե՛ տարեկիցների, թե՛ միջին ու երիտասարդ սերնդի սերն ու հարգանքը, սիրում էր մարդկային ջերմ շփումները, օժտված էր սեղանապետի բացառիկ տաղանդով։

Ծանրակշիռ և խոսուն են Սարգիս Հարությունյանի պարգևներն ու կոչումները: 1994 թվականին Լիբանանում նրան շնորհվում է Համազգային կրթամշակութային հաստատության մրցանակը, իսկ 2009 թվականին՝ Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործչի կոչումը: 1989 թվականին Ֆինլանդիայում դառնում է Միջազգային զրուցագիտության ընկերության անդամ: 2013 թ. հոկտեմբերի 14-ին ՀՀ նախագահի հրամանագրով Սարգիս Հարությունյանը պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով:

Ականավոր բանագետը հեռացել է կյանքից 2019 թվականի հունվարի 29ին՝ 90 տարեկան հասակում, բայց անմահ է մնում նրա ներդրումն արդի հայ բանագիտության կերտման և զարգացմանբ գործնթացում:

Էլադա Պետրոսյան

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )