ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ՃԱՊՈՆԻԱՅԻՑ ՁԵՌՔ ԵՆՔ ԲԵՐԵԼՈՒ ԲԱՎԱԿԱՆԻՆ ԼԱՎ ՀԱԳԵՑՎԱԾ ՇՏԱՊՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐ․ ԱՎԱՆԵՍՅԱՆ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր ԱԺ-ում պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ անդրադարձավ շտապօգնության ծառայության աշխատանքին և վերջերս շտապօգնության մեքենաների վարորդների բողոքի ակցիային, որ իրենց աշխատավարձը ցածր է իրենց կատարած գերծանրաբեռնված աշխատանքի համեմատ։

Նա նախ նշեց, որ մեր շտապօգնության մեքենաների ավտոպարկը կրկնապատկվել է, փոփոխվել է, և իրենք այստեղ շատ լուրջ ձեռքբերում ունեն։

«Նախ, պատերազմից առաջ մենք Չինաստանի կողմից ստացանք մեքենաների բավականին մեծ խմբաքանակ, բայց պատերազմի ընթացքում էլ այնքան մաշվեցին մեր ռեսուրսները, որ այդ ընթացքում պետությունը հատկացրեց միջոցներ, նաև համահայկական հիմնադրամի շնորհիվ կարողացանք ձեռք բերել նաև ամենագնացներ, այս պահին էլ դրանք շատ մեծ օգնություն են հանդիսանում՝ մեր մարզերում դժվարանցանելի ճանապարհներին հստակ իրականացնելու ծառայությունը»,-ասաց նախարարը։

Ապա հավելեց, որ առաջիկայում, պետական դրամաշնորհի շրջանակներում, իրենք Ճապոնիայից ձեռք են բերելու բավականին լավ հագեցված շտապօգնության մեքենաներ և չեն սպասելու, որ իրենց ավտոպարկը որևէ կետում մաշվի այնքան, որ իրենք սպասեն փրկօղակների։

Անդրադարձավ նաև վարորդների խնդրին։ «Իհարկե, պարկը կրկնակի անգամ ավելացել է, բայց դա չի նշանակում, որ բրիգադներն են կրկնակի ավելացել։ Մենք ունենք ռեզերվային պարկ, մենք ունենք անընդհատ թարմացվող մեքենաներ, և դա հենց էդպես էլ պետք է լինի։ Մենք ունենք բրիգադների որոշակի աճ Երևան քաղաքում վերջին տարվա ընթացքում, նաև որոշ մարզերում, բայց դա, հասկանում ենք, որ պետք է հստակ հաշվարկի արդյունք լինի։ Արդյոք մեր միջին տևողությունը՝ պացիենտին հասնելու, փոխվե՞լ է։ Այո, որոշակի փոփոխություն այս առումով ունենք։ Բայց էլի շատ մեծ գործ ունենք էս ոլորտում։ Մեր պատկերացմամբ, և դա կառավարության ծրագրի մեջ անպայման տեղ է գտել, մենք պիտի վերանայենք ընդհանուր առմամբ շտապօգնության ծառայության կազմակերպման ողջ ընթացքը»,-ասաց Անահիտ Ավանեսյանը՝ նշելով, որ հիմա այդ ուղղությամբ աշխատում են, որպեսզի ունենան միասնական և ավելի էֆեկտիվ գործող համակարգ։

 

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )