«ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ, ԱԴՐԲԵՋԱՆՑՈՒՆ ՀԱՂԹԵԼՈՎ»
Վերջերս Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում կայացել է Սամբոյի պատանիների և երիտասարդների Աշխարհի առաջնությունը։ Մեր երկրի հավաքականը նվաճել է 2 մեդալ ոսկե և արծաթե։ Չեմպիոնը ՄՀԵՐ ՕՀԱՆՅԱՆԸ, եզրափակչում տպավորիչ հաղթանակ է տոնել ադրբեջանցի մրցակցի նկատմամբ։
Iravunk. com -ի մարզական թղթակիցը կապ է հաստատել ու բացառիկ զրույց ունեցել արդեն հայրենիք վերադարձած նորընծա Աշխարհի չեմպիոնի հետ։
– Շնորհավորում ենք, Մհեր, փայլուն հաղթանակի կապակցությամբ։
– Շատ շնորհակալ եմ ։Հանդես եկա 71 կգ քաշային կարգում։ Ընդհանուր չորս գոտեմարտ ունեցա ։Մեկնարկային գոտեմարտում մրցակիցս Ֆրանսիայի ներկայացուցիչն էր, որին հաղթեցի բացարձակ առավելությամբ 8։0 հաշվով։ Երկրորդ գոտեմարտում, 4։1 հաշվով հաղթեցի ազգությամբ ռուս մրցակցիս, որը բավականին ուժեղ մարզիկ է, Եվրոպայի փոխչեմպիոն է։ Այնուհետև, կիսաեզրափակիչ գոտեմարտում 8։0 հաշվով հաղթեցի Ղազախստանի ներկայացուցչին, իսկ եզրափակչում 3։1 հաշվով հաղթեցի ադրբեջանցի հակառակորդիս։
– Մհեր, ինչ մտածեցիր, երբ իմացար ադրբեջանցի մրցակից ունենալու մասին։
-Բնական է, մեզ համար թշնամի երկրի ներկայացուցիչ է, պատասխանատվությունը կրկնակի եղավ, ես միայն մտածում էի հաղթանակի մասին։ Դեռ շոկի մեջ եմ ու կարծես չհավատամ, թե ինչ եմ արել։ Սա մեծ ոգևորություն է ինձ համար։ Շատ աննկարագրելի զգացողություններ առաջացան հաղթանակից հետո, որ հիմա բառերով դժվարանում եմ նկարագրել։ «Զվարթնոց» օդանավակայանում մեծ շուքով դիմավորեցին մեզ ընկերներս, ծնողներս, մարզիկներ ։ Հաղթանակս նվիրում եմ իմ հայ ազգին, մեր զինվորներին։
– Մհեր, հետաքրքիր է, որ գոտեմարտը կարող ես առանձնացնել իր բարդությամբ։
– Ամենաբարդը ռուս մարզիկի հետ գոտեմարտը ստացվեց։
– Մի փոքր էլ քո մասին։ Որ տարիքից ես սկսել զբաղվել սպորտով։
– 6 տարեկանից եմ սկսել պարապել, հորեղբայրս ևս զբաղվել է այս մարզաձևով, հենց նրանից էլ ես եմ ոգեշնչվել։ Հիմա պարապմունքներս անցկացնում եմ Վանաձորի «Գագիկ Ղազարյանի» անվան մարզադպրոցում ։ Անձնական մարզիչս Գագիկ Ղազարյանն է, նա սամբոյի Աշխարհի հնգակի չեմպիոն է։ Նշեմ, որ ես սրանով չեմ բավարարվելու, երազում եմ նվաճել նաև մեծահասակների Աշխարհի չեմպիոնի տիտղոսը։
– Հետագա ծրագրերի մասին ինչ կասես։
– Հաջորդ տարի Հայաստանի առաջնությանը կմասնակցեմ, ապրիլին էլ Եվրոպայի առաջնությանը, որը կկայանա Սերբիայում։
Իսկ ահա Մհերի անձնական մարզիչը ԳԱԳԻԿ ՂԱԶԱՐՅԱՆԸ, այսպես մեկնաբանեց.
«Մհերը իմ լավագույն սաներից է, շատ գոհ եմ նրա անցկացրած գոտեմարտերից։ Հատկանշական է, որ նա հաղթեց նաև ադրբեջանցի հակառակորդին։ Շատ մեծ հույսեր եմ կապում Մհերի հետ։ Նշեմ, որ մեր մարզադպրոցում ունենք նաև ազատ մարզադահլիճ, որը խիստ վերանորոգման կարիք ունի, և այժմ, եթե ունենք 150 սան, այդ ժամանակ արդեն կունենանք 350 սան, եթե վերանորոգվի: Ամենակարևորը, երեխաները փողոցից, համակարգչային տարբեր վնասակար խաղերից կկտրվեն ու կպարապեն մեզ մոտ»։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ



