«Անիլ Քոսլայի շուրջ աղմկահարույց պատմություն․ խաբված հնդիկների դժգոհություններն ու Քննչական կոմիտեի դիրքորոշումը»

Հնդիկ Անիլ Քոսլային շատերն են ճանաչում: Վերջինս հայտնի է նաև Հայաստանի իրավապահ համակարգում: Նա շուրջ 10-11 տարի բնակվում է Երևանում: Ասում են` Անիլը գործարար է և խաղամոլ: Հոսթել ունի, «Շանգրի Լա» խաղատուն է այցելում: Առաջին հայացքից ամեն ինչ նորմալ է, սակայն …

Անիլ Քոսլան ևս մեկ «զբաղմունք» ունի: Նրանից տարբեր տեսակի օգնություն են հայցում Հայաստան եկած անճար և խեղճուկրակ հնդիկները: Բերեմ ընդամենը մեկ օրինակ:

Ուրեմն, երբ ԱՄՆ-ի և Իսրայելի ռմբակոծությունների հետևանքով «փակվեց» Իրանի օդային տարածքը, Անիլ Քոսլայի գործը «բացվեց»: Հարյուրավոր հնդիկներ այդ օրերին փորձում էին Հնդկաստանից Հայաստան գալ կամ Հայաստանից Հնդկաստան գնալ: Անիլը ստանձնել էր «ուղևորափոխադրողի» պարտականությունը: Իրականում անհասկանալի էր, թե ինչպես էր Անիլը պատրաստվում ԱՄՆ-ին և Իսրայելին համոզել «բացել» Իրանի օդային տարածքը, սակայն, կրկնում եմ` խոսքն Անիլ Քոսլայի և անճար ու խեղճուկրակ հնդիկների մասին է: Մի խոսքով, անճարներն ու խեղճուկրակները մուծվում էին Անիլին և Դելիի օդանավակայանում օրերով սպասում էին Իրանի օդային տարածքի «բացմանը»: Եվ քանի որ Անիլ Քոսլան ԱՄՆ-ին և Իսրայելին համոզել չէր կարողանում, ապա անճարներն ու խեղճուկրակները Դելիից ձեռնունայն հետ էին գնում իրենց քաղաքներն ու գյուղերը և նորմալ ավիագործակալություններից Իրանը շրջանցող ավիատոմսեր գնում: Դե, իսկ Անիլ Քոսլան ոչ կարողացավ ԱՄՆ-ին և Իսրայելին «համոզել», ոչ էլ անճարներին ու խեղճուկրակներին գումարը վերադարձրեց:

Գործը հասավ ՀՀ քննչական կոմիտե: Քննիչն Անիլ Քոսլայի գործողություններում հանցագործություն չտեսավ: Դե, Անիլ Քոսլան ազնիվ մարդ է: Ամեն օր ԱՄՆ-ի և Իսրայելի հետ է շփվում: Բացի դրանից` Անիլը հո Բագրատ Սրբազանը կամ Արթուր Օսիպյանը չի՞: Մի խոսքով, ըստ քննիչի, Անիլ Քոսլան համարյա բյուրեղյա անձնավորություն է:

Եվ ուրեմն`

Կեցցե´ ՀՀ քննչականը,

Կեցցե´ Անիլ Քոսլան,

Կեցցե´ Նիկոլ Փաշինյանը,

Կեցցե´ն մեր երեխաները, որոնք ապրելու են շահախարդախ Հայաստանում, կներեք, Հնդկաստանում:                                                    Կարեն Հեքիմյան

Share This