Այս գործելաոճը չի կարող նպաստել սահմանային իրավիճակի իրական կայունացմանը. ՀՀ ՊՆ-ն՝ Ադրբեջանի կողմից տարածվող ապատեղեկատվությունների մասին
![]()
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 6-ին հերթական ապատեղեկատվությունն է տարածել, պնդելով, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները սեպտեմբերի 5-ին կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից, որտեղ ընդգծվում է, որ այս գործելաոճը, որի հիմքում հայկական կողմի՝ ագրեսիվ գործողություններ իրականացնելու և հայ-ադրբեջանական սահմանին իրադրությունն արհեստականորեն սրելու փորձերի վերաբերյալ բացարձակ կեղծ տեղեկությունների տարածումն է, ոչ մի կերպ չի կարող նպաստել սահմանային իրավիճակի իրական կայունացմանը։«ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Ավելին` ինչպես արդեն տեղեկացրել ենք, ադրբեջանական կողմից արձակված կրակոցից նախօրեին մահացու հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արման Գագիկի Սարգսյանը»,- նշված է հաղորդագրության մեջ:
