Այսօր Վարդուհի Վարդերեսյանի ծննդյան օրն է

Այսօր Վարդուհի Վարդերեսյանի ծննդյան օրն է:
Վարդուհի Վարդերեսյան «Իմ կյանքի հեքիաթը» գրքից
«ԵՍ ՀՈԳԻԴ ՆԿԱՐԱԾ ԵՄ»
ՎԱՐԴՈՒՀԻ ՎԱՐԴԵՐԵՍՅԱՆ
Ֆրանսիա ուղևորությանս միջոցին իմ կյանքում ամենանշանակալից իրադարձությունը եղավ Գառզուի հետ ունեցածս հանդիպումը իր արվեստանոցում: Գառզուի ինքնատիպ արվեստի մասին շատ են գրել, և ես հազիվ թե կարենամ նոր բան ասել: Գառզու ամուսինները արտակարգ սիրալիրությամբ ընդունեցին ինձ: Ներկա էին և ինձ անծանոթ երկու հոգի: Մեր զրույցը, բնականաբար, պտտվելու էր արվեստի, ինչպես և հայրենք-սփյուռք հարցերի շուրջ: Բավական ժամանակ Գառզուն մեզ ծանոթացնում էր իր կտավներին, երբեմն էլ այս կամ այն նկարի ստեղծման պատմությունն անում: Ու երբ Նանը՝ Գառզուի կինը, և իր հյուրերը զրույցի էին բռնվել, Գառզուն մի կողմ տարավ ինձ ու ասաց.
_ Վարդուհի, կուզեմ քեզի նկարել:
Ես ուրախությունից չիմացա ինչ անելս:
Ես իմ կյանքում մի մեծ անմտություն եմ գործել: 1961 թ., երբ առաջին անգամ բեմում հայտնվեցի Վ. Սարոյանի մանչուկի կերպարանքով, դահլիճում էր և Մարտիրոս Սարյանը: Մի քանի օր հետո ինձ հանդիպեց նկարչի կրտսեր որդին՝ գրականագետ Սարիկ Սարյանը, ու ասաց.
_ Հայրիկն ուզում է քեզ նկարել: Ե՞րբ ժամանակ կունենա: Ես քեզ կտանեմ հայրիկի արվեստանոցը:
Միշտ էլ ժամանակ կունենայի, բայց ավելորդ նրբանկատությունս, թե ես ինչպես կարող եմ թույլ տալ ինձ՝ խլել ծերունազարդ նկարչի ժամանակը, կաշկանդեց ինձ, և ես բաց թողի առիթը, կորցրի ամենաթանկը, որպիսին մեծ վարպետի վրձնին արժանանալու պատիվն էր: Իմ այդ արաքը ինքնաժխտման թելադրանքն էր, որի պատճառով շատ բան եմ կորցրել, բայց կորցրածներիցս ոչ մեկը այնքան մեծ կսկիծ չի պատճառել ինձ, ինչպես այս մեկը: Որովհետև անցավոր է դերասանի արվեստը, իսկ Մ. Սարյանի նկարը կլիներ լավագույն ավանդապահը և կհանձներ իմ հուշը գալիքին, երբ չեմ լինի ես:
Ահա թե ինչու, երբ Գառզուն պատրաստակամություն հայտնեց ինձ նկարելու, ուրախությունս անցավ հնարավոր բոլոր սահմանները: Ներկայացել էր առիթը՝ քավելու յոթ տարի առաջ գործածս մեղքը:
Նախքան թուղթը նկարակալին ամրացնելը Գառզուն սեղմեց ձայնարկիչի կոճակը, և արվեստանոցը լցվեց Դեբյուսիի եթերային մեղեդիների
հնչյուններով: Բավական երկար ժամանակ տևեց նկարելը՝ ավելի, քան երկու ժամ: Այդ միջոցին ես սովորական բնորդ չէի նկարչի համար, տեսանելի մի հաղորդալար իր և հայրենիքի միջև, ժողովրդի ճակատագրի նյութացած մի պատկեր, որին կարող էր պատմել իր ամենանվիրական հույզերն ու ապրումները:
Ու երբ ավարտեց նկարը, նկարակալը շրջեց դեպի ինձ:
_ Նայե, Վարդուհի:
_ Մաեստրո, շատ չե՞ք սիրունացրել, ես այդչափ գեղեցիկ չեմ:
_ Քու հոգիդ ավելի գեղեցիկ է, Վարդուհի, ես հոգիդ նկարած եմ, զոր տեսա Սիամանթոյի «Հույսին համար» քերթվածը արտասանելիս:
Գիտեմ, որ նկարիչները դժվար են բաժանվում իրենց կտավներից: Ուստի մեծ եղավ հրճվանքս, երբ Գառզուն ասաց.
_ Քեզի ընծա, Վարդուհի, _ ու մակագրեց՝ Վարդուհիին՝ Գառզու:
Հիմա այդ նկարը իմ անշուք սենյակի միակ թանկ զարդն է: Ամեն անգամ այդ նկարին նայելիս իմ կյանքի հեքիաթը գլորվում է վար, հասնում այն տարիներին՝ պարգևելով ինձ անմոռաց հուշերս՝ վերստին ապրելու բերկրանքը:

Share This