Թեյի փաթեթները եւ հոթ-դոգերը կարող են «հավերժական քիմիկատներ» պարունակել. գիտնականներ

Ամերիկացի հետազոտողներն ուսումնասիրել են «հավերժական քիմիկատների» եւ մարդկանց կերակրաբաժնի միջեւ կապը։ Պարզվել է, որ պոլիֆտորալկիլային միացությունները (ՊՖԱՄ) կարող են լինել անգամ թեյի փաթեթներում, տեղեկացրել է Euronews-ը։

Մեր կերածը կարող է ազդել «հավերժական քիմիկատների» մակարդակի վրա մեր արյան մեջ, հավաստիացնում են հետազոտողները։

Նրանք ավելի քան 700 մարդկանց, որոնց բաժանել են երկու խմբի, հարցրել են նրանց սնվելու մասին եւ թե ինչ հաճախակիությամբ են օգտագործում այնպիսի մթերքներ եւ ըմպելիքներ, ինչպիսին են մուգ կանաչ բանջարեղենները, հացը, կաթնային սպորտային ըմպելիքները եւ թեյը, եւ ստուգել են նրանց արյան մեջ ՊՖԱՄ մակարդակը։

Նաեւ հարցրել են, թե ինչ հաճախակիությամբ են սնվել տանը, արագ սննդի կետերում եւ ռեստորաններում։ Եվ դրա հիման վրա պարզել են, թե որքան հաճախ են հետազոտության մասնակիցները շփվել սննդի փաթեթների հետ, որը ՊՖԱՄ տարածման աղբյուրն է։

Հետազոտությունը ցույց է տվել, որ մեծ քանակությամբ թեյի, տնից դուրս պատրաստված վերամշակված մսի եւ սննդի օգտագործումը կապված է ՊՖԱՄ մակարդակի բարձրացման հետ։ Բայց որոշ մթերքներ կապված են եղել ՊՖԱՄ մակարդակի բարձրացման հետ միայն այն դեպքում, եթե դրանք պատրաստված են եղել ոչ տանը։ Մարդիկ, որոնք ֆրի կամ պիցցա են կերել՝ պատրաստված ռեստորանում, սովորաբար ունեցել են «հավերժ քիմիկատների» բարձր մակարդակ։ Հետազոտողները կարծում են, որ պատճառը փաթեթներն են։ Օրինակ՝ թեյի փաթեթները։ «Մենք սկսում ենք հասկանալ, որ անգամ այն մթերքները, որոնք մետաբոլիզմի տեսակետից առողջ են, կարող են աղտոտված լինել ՊՖԱՄ-ով»,- ասում է Հարավային Կարոլինայի համալսարանի Բժշկության դպրոցի ասպիրանտ, հետազոտության առաջատար հեղինակ Հեյլի Հեմփսոնը։

Թիմը կարծում է, որ սա առաջին հետազոտությունն է, որում ուսումնասիրվել է կապը մարդկանց սննդաբաժնի եւ «հավերժ քիմիկատների» մակարդակի միջեւ ժամանակի ընթացքում։

«Մի քանի ժամանակային կետերի ուսումնասիրությունը պատկերացում է տալիս այն մասին, թե ինչպես կարող է սննդաբաժնի փոփոխությունն ազդել ՊՖԱՄ մակարդակի վրա»,- ասում է հետազոտության ավագ հեղինակ, պոպուլյացիոն գիտությունների եւ հանրային առողջապահության ամբիոնի դոցենտ Կեկ Ջեսի Ա.Գուդրիչը։

Հայտնի է, որ ՊՖԱՄ-ը վնասակար է առողջության համար։ Հետազոտությունները ցույց են տվել, որ դրանք կարող են խախտել հորմոնների աշխատանքը, թուլացնել ոսկորները եւ բարձրացնել որոշ հիվանդությունների առաջացման հավանականությունը։ Դրանք կապված են նաեւ քաղցկեղի, բնածին արատների, երիկամների եւ այլ լուրջ հիվանդությունների հետ։

Դրանք անվանում են հավերժական քիմիկատներ, որովհետեւ դրանցից անհավանականորեն դժվար է ազատվել։ Շատ հետազոտություններ են նվիրվել դրանց առկայությանը ջրում, բայց գիտնականները նշում են, որ աղտոտված սնունդը ամենամեծ սպառնալիքն է մարդու առողջության համար։

Ամենավնասակարներից են համարվում սննդի փաթեթները, պլաստիկի որոշ տեսակներ, պեստիցիդները, ինչպես նաեւ աղտոտված ջուրը կամ պարարտանյութերը, որոնք օգտագործվել են մթերքներն աճեցնելիս։

Հետազոտության հեղինակները նշում են, որ իրենց նպատակը ոչ այնքան պարզելն է, թե որ մթերքներն են «առողջ», որոնք՝ ոչ, որքան պարզելը, թե որ մթերքներն ունեն լրացուցիչ թեստավորման կարիք՝ հետեւելու համար, թե որտեղից է ծագում աղտոտվածությունը։

Share This