Այգուն մոտ ապրելը պաշտպանում է քրոնիկ հիվանդություններից. հետազոտություն
Գիտնականների անցկացրած հերթական հետազոտությունը ցույց է տվել, որ ամեն օր այգում զբոսնելու հնարավորություն ունեցող մարդիկ հազվադեպ են երիտասարդ տարիքում բախվում ավելորդ քաշի խնդրին, ինչն էլ նվազեցնում է քրոնիկ հիվանդությունների զարգացման հավանականությունը:
Ուսումնասիրության արդյունքում մասնագետները պարզել են, որ այգիներին մոտ ապրելն ունի բազմաթիվ առավելություններ: Օրինակ՝ այգուն մոտ ապրող երեխաները մինչև 18 տարին լրանալը շատ ավելի հազվադեպ են բախվում ավելորդ քաշի ու ճարպակալման խնդրին: Բացի այդ, Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ այգում հաճախ զբոսնելու հնարավորությունը նվազեցնում է նաև սթրեսի մակարդակը, հատկապես՝ ֆինանսական խնդիրների դեպքում:
Այս հետազոտությունները ցույց են տալիս, որ քաղաքների կանաչ գոտիները նախատեսված են ոչ միայն օդը մաքրելու, այլև սթրեսի մակարդակը նվազեցնելու համար: Բազմաթիվ գիտական աշխատություններ ցույց են տվել, որ մարդու շփումը բնության հետ հանգստացնող ազդեցություն է ունենում և թույլ է տալիս թուլանալ ու հասնել այն վիճակին, որի դեպքում օրգանիզմի բոլոր համակարգերն աշխատում են գերարդյունավետ ու չեն առաջանում ավելորդ ծանրաբեռնվածություններ:
Ամերիկացի գիտնականները նման եզրահանգման են եկել Կալիֆոռնիայում ապրող միլիոնավոր երեխաների առողջական վիճակին հետևելու արդյունքում: Մասնագետներն ընդգծում են, որ այս դեպքում նյութական ապահովվածությունը որևէ նշանակություն չունի և այգուն մոտ ապրելու առավելություններն անդրադառնում են բոլորի վրա, ինչը շատ կարևոր է:
Նյութի աղբյուրը՝ medikforum.ru
