ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է Արկտիկայի հարցում նոր ռազմավարության մասին
Վաշինգտոնը մտադիր է մոտ ապագայում ներկայացնել Արկտիկայի նորացված ռազմավարությունը. փաստաթուղթը հաշվի կառնի Չինաստանի եւ Ռուսաստանի վերջին գործողությունները տարածաշրջանում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Դագ Ջոնսը։
«Մենք աշխատում ենք Արկտիկայի ազգային ռազմավարության թարմացման վրա։ Հուսով եմ, որ այն շուտով կհրապարակվի»,- ասել է Ջոնսը:
Ավելի վաղ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Միխայիլ Պոպովը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն փորձում է վիճարկել Ռուսաստանի օրինական իրավունքները Արկտիկայում՝ հասնելով անարգել մուտքի դեպի տարածաշրջանի ռեսուրսներ եւ Հյուսիսային ծովային երթուղի։
Մինչ այս հաղորդվում է, որ ՆԱՏՕ-ի գերազանցության կենտրոնը, ռազմավարական հաղորդակցության ոլորտում, կվերլուծի Արկտիկայում ազդեցություն գործադրելու պետությունների փորձերը։ Վերջնական զեկույցում նաեւ, պետք է մանրամասն վերլուծվի Արկտիկական խորհրդում Ռուսաստանի նախագահության շուրջ դիսկուրսը (ՌԴ-ն նախագահում է խորհրդում 2021-ից 2023 թվականները): 
