ԱՄՆ-ում ՌԴ դեսպանը նշել է Մոսկվայի առաջնահերթությունները Վաշինգտոնի հետ հարաբերություններում

Վաշինգտոնին և Մոսկվային անհրաժեշտ է միավորել ջանքերը մի շարք ոլորտներում: Այս մասին «Կոսմոս ակումբ» քննարկման ակումբում հայտարարել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Մեր երկրների շահերից կբխեր միավորել ջանքերը կորոնավիրուսի համավարակի, ահաբեկչության, զանգվածային ոչնչացման զենքի տարածման  և կլիմայի փոփոխության դեմ պայքարի, ինչպես նաև տիեզերքի համատեղ հետազոտման և Արկտիկայի էկոլոգիայի պաշտպանության ոլորտներում», -ասել է Անտոնովը:

Դիվանագետն ընդգծել է, որ Մոսկվան ակնկալում է խորացնել երկխոսությունը «տարածաշրջանային թեմաների» շուրջ՝ Սիրիա, Աֆղանստան, Իրան, Կորեական թերակղզի, Մերձավոր Արևելք, Լատինական Ամերիկա, Ասիա և Աֆրիկա:

Նաև, նրա խոսքով, անհրաժեշտ է վերականգնել կառավարական գծով հաղորդակցման լիարժեք ենթակառուցվածքը:

«Մենք բազմիցս ամերիկյան կողմին փոխանցել ենք երկկողմ հարաբերությունների կարգավորման առաջնահերթ քայլերի ցանկ, որոնք վերաբերում են մեր երկրների միջուկային պատերազմի անընդունելիության վերաբերյալ «Գորբաչով-Ռեյգան» բանաձևի հաստատմանը և դրանում հաղթող դառնալու անհնարինությանը: Բացի այդ, կարելի է փոխանակվել ներքին գործերին չխառնվելու գրավոր երաշխիքներով,  փոխհամագործակցություն հաստատել կիբերանվտանգությունն ապահովելու ոլորտում, արդիականացնել բաց ծովում և օդային տարածքում միջադեպերի կանխման մասին համաձայնագիրը»,-ասել է Անտոնովը:

Դեսպանը հիշեցրել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը համագործակցության լայն ծրագիր է առաջարկել միջազգային տեղեկատվական անվտանգության հարցերում: Դիվանագետը նշել  է, որ նրա նախաձեռնությունը դեռ «մնում է բանակցությունների սեղանին»:

«Վերջապես, ցանկություն կա, որ Ռուսաստանի դեսպանատունը աշխատի հանգիստ մթնոլորտում, առանց  քաղաքական իրավիճակի սրման, առաջին հերթին այցագրերի ոլորտում: Մենք պատրաստ ենք անցնել  ճանապարհի մեր հատվածը»,-ընդգծել է Անտոնովը:

Գլխավորն այն է, որ ԱՄՆ նոր վարչակազմը  քաղաքական կամք ունենա, եզրափակել է դեսպանը

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )