ԱՄՆ-ը Ռուսաստանին սպառնացել է ավելի խիստ պատժամիջոցներով, քան 2014-ին
Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրման դեպքում ԱՄՆ-ի իշխանությունները Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառեն, որոնք ավելի մեծ կլինեն, քան 2014-ին։ Այս մասին այսօր հայտարարել է Միացյալ Նահանգների վարչակազմի ներկայացուցիչը՝ հավելելով, որ խոսքը միանվագ, այլ ոչ թե աստիճանական սահմանափակումների մասին է։
«Երբ 2014-ին մենք կիրառեցինք պատժամիջոցներ, որոնք շատ ավելի մեղմ էին, քան այն, ինչ այժմ դիտարկում ենք, Ռուսաստանում աշխատելու օտարերկրյա կապիտալի սահմանափակումները հանգեցրին ռեկորդային արտահոսքի, (ռուսական) արժույթի մինչև 50%-ով արժեզրկման։ Կենտրոնական բանկը ստիպված է եղել օգտագործել իր պահուստների 25%-ը ռուբլու պաշտպանության համար»։
Վաշինգտոնի վարչակազմի ներկայացուցչի խոսքով՝ պատժամիջոցները կազդեն մի շարք ոլորտների վրա՝ ֆինանսական հատվածի, պաշտպանական և օդատիեզերական արդյունաբերության, արհեստական ինտելեկտի և քվանտային համակարգիչների։ Սպիտակ տունը կարծում է, որ նման միջոցառման ազդեցությունը համաշխարհային շուկայի վրա նվազագույն կլինի։
ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչը հավելել է, որ «եթե Ռուսաստանը որոշի օգտագործել գազի մատակարարումները որպես զենք, դա կհանգեցնի հետեւանքների տնտեսության համար»։
Այսօր ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել էր, որ Լոնդոնը և Վաշինգտոնը քննարկում են Ռուսաստանի Դաշնությունը SWIFT միջազգային միջբանկային համակարգից անջատելու հնարավորությունը։
