Ամերիկա-ֆրանսիական մեսիջ՝ուղղված Բաքվին
Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությունը խոչընդոտներ է ստեղծում արցախյան հիմնախնդրի վերջնական,խաղաղ կարգավորման համար։Հայաստանը՝ծանր պարտությունից հետո,իրավիճակի վրա ազդել փաստացի չի կարող։Ռուսաստանն ու Արևմուտքն էլ,յուրաքանչյուրն իր շահերն է հետապնդում,փորձելով դառնալ հակամարտության կարգավորման գլխավոր խաղացող։Իսկ պաշտոնական Բաքուն,ինչպես հայտնի է,ոչ միայն խնդիրն է հանգուցալուծված համարում,այլ հրաժարվում է ճանաչել Արցախի գոյության իրավունքը,ինչը ճանապարհ է հարթում՝հայատյացության և էթնիկ զտումների քաղաքականության շարունակության համար։
Եվ պատահական չէ,որ ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին ցանկացած հիշատակում խիստ բացասական արձագանքի է արժանանում Բաքվում։Ադրբեջանը՝Ռուսաստանի և Թուրքիայի հետ մեկտեղ ցանկանում է տարածաշրջանում առկա խնդիրները լուծել եռակողմ ֆորմատի շրջանակներում,այս կերպ փորձելով դուրս մղել Արևմուտքին կովկասյան ռեգիոնից։Սակայն Արևմուտքը՝ի դեմս ԱՄՆ-ի և Ֆրանսիայի,բնականաբար չի պատրաստվում զիջել իր դիրքերը և ուղղակիորեն հասկացնել է տալիս այն մասին,որ մտադիր է ակտիվորեն ներգրավվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում՝Մինսկի խմբի շրջանակներում,ինչը ակնհայտորեն դուր չի գալիս ալիևյան ռեժիմին։Ռուսաստանը,որը նույնպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկն է հանդիսանում,սկզբունքորեն դեմ չէ այս ֆորմատի հետագա գործունեությանը,սակայն պնդում է թե Արևմուտքը չի ցանկանում աշխատել իրենց հետ,մինչ դեռ Վաշինգտոնից և Փարիզից՝տրամագծորեն տարբերվող այլ հավաստիացումներ ենք լսում։Ինչևէ…
Օգոստոսի 25-ին Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝Ֆիլիպ Ռիքերին նշանակել է Կովկասի հարցերով բանակցություններում գլխավոր խորհրդական։Այս պաշտոնում Ռիքերը կատարելու է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նախագահի գործառույթներն ու հանդես է գալու որպես Ժնևի միջազգային բանակցություններում՝Միացյալ Նահանգների պատվիրակության գլխավոր բանակցող։Ֆիլիպ Ռիքերը փորձառու դիվանագետ է։«Արմենպրես»-ի տեղեկացմամբ,մինչ այս նշանակումը նա աշխատել է որպես Միացյալ Թագավորությունում՝ԱՄՆ դեսպանատան ժամանակավոր հավատարմատար։2019 թ-ի մարտից մինչև 2021 թ-ի օգոստոս եղել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալի պաշտոնակատար։Դիվանագիտական ծառայության ընթացքում աշխատել է Գերմանիայում,Իտալիայում,իսկ 2008-2011 թթ-ին եղել է Հյուսիսային Մակեդոնիայում ԱՄՆ դեսպանը։
Այս նշանակմամբ,Միացյալ Նահանգները հստակ մեսիջ են ուղղում Բաքվին,որ մտադիր են շարունակել իրենց ակտիվ գործունեությունը Մինսկի խմբի շրջանակներում և Ադրբեջանի բոլոր պնդումները,թե Մինսկի խումբն այլևս գոյություն չունի՝զուրկ են որևէ հիմնավորումներից։Հարկ է նշել,որ ԵԱՀԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցչությունը շնորհավորել է Ֆիլիպ Ռիքերին՝ՄԽ-ի համանախագահ նշանակվելու առիթով։Իսկ այս քայլը,կարծում եմ զուտ ֆորմալ բնույթ չի կրում Ֆրանսիայի կողմից։Փարիզը նույնպես իր շահագրգռվածությունն է հայտնում ՄԽ-ի հետագա գործունեության վերաբերյալ։Այս ամենը հիստերիկ ռեակցիա է առաջացրել Բաքվում։Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Լեյլա Աբդուլաևան այն աստիճան է կորցրել իրականության զգացումը,որ սպառնացել է աշխարհի թիվ 1 գերտերությանը՝ԱՄՆ-ին դուրս թողնել արցախյան հակամարտության կարգավորման գործընթացից։
Գերտերությունները,առհասարակ,չեն ընդունում սպառնալիքի լեզուն,մանավանդ երբ այդ սպառնալիքները հնչեցվում են իրենցից անհամեմատ ավելի թույլ երկրների կողմից։Պատասխանը,ինչպես և կարելի էր սպասել,իրեն ուշացնել չտվեց։Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի դեսպանները մերժեցին՝օկուպացված Շուշի այցելելու վերաբերյալ ադրբեջանական իշխանությունների հրավերը,այս կերպ ոչ երկիմաստ մեսիջ հղելով Բաքվին առ այն,որ պատերազմի ավարտից հետո ստեղծված իրողությանը իրենք մեծ տեղ չեն տալիս և համարում են,որ արցախյան հակամարտությունը դեռևս չի հաջողվել վերջնականապես կարգավորել ու այդ խնդրով պետք է զբաղվի ԵԱՀԿ ՄԽ-ը։
Վաշինգտոնը և Փարիզը հասկացնել են տալիս ալիևյան ռեժիմին,որ անկախ՝Մոսկվայի հետ ունեցած չափազանց բարդ հարաբերությունների,կովկասյան տարածաշրջանը՝ռուս-թուրքական տանդեմին չեն զիջելու։
ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանների դիվանագիտական դեմարշին է անդրադարձել Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը։Իր ֆեյսբուքյան էջում նա հետևյալ գրառումն է արել.«Ադրբեջանը հերթական անգամ հարձակվել է ԵԱՀԿ ՄԽ-ի վրա՝օգտագործելով իրեն բնորոշ դիվանագիտական բառապաշարը։Պատճառներից մեկը՝Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպանների՝օկուպացված Շուշի մեկնելուց հրաժարվելն էր։Մենք ողջունում ենք այս հրաժարումը և այն համարում ենք կարևոր քաղաքական և մարդասիրական քայլ»,-նշել է Դավիթ Բաբայանը։Արցախի արտգործնախարարը համոզմունք է հայտնել,որ ՄԽ-ը փլուզելու՝Ադրբեջանի գործողությունների պատճառներն այլ տեղ են։Բաքվի շահագրգռվածության հիմնական պատճառն այն է,որ սրանով Ադրբեջանը փորձում է ոչնչացնել Արցախի դե ֆակտո և դե յուրե միջազգային դիվանագիտական կարգավիճակը։Դավիթ Բաբարանի խոսքերով,Բաքուն և Անկարան գործում են միասին՝ամեն կերպ օգտվելով Ռուսաստանի և հավաքական Արևմուտքի միջև առկա հակասություններից,ինչը նույնպես ազդում է ՄԽ-ի համանախագահության գործունեության վրա։«Ես վստահ եմ,որ այս և շատ այլ բաներ լավ են հասկանում Մոսկվայում,Վաշինգտոնում և Փարիզում»,-ընդգծել է Արցախի արտգործնախարարը։«Ակնհայտ է,որ ԵԱՀԿ ՄԽ-ը և նրա ներկայիս համանախագահությունը դեռ այլընտրանք չունեն»,-համոզմունք է հայտնել նա։
Արթուր Օգանեզով (Ambion-News.am-ի քաղաքական վերլուծաբան)
