«Ամբիոն Նյուզ»-ի դեմ կազմակերպված արշավը բացահայտվում է․ ովքե՞ր են կանգնած թիրախավորման, սպառնալիքների ու հետապնդումների հետևում


ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի՛ ընկերներ, իրավասու և իրավապահ մարմիններ,
Ամիսներ շարունակ «Ամբիոն Նյուզ» լրատվական կայքի հիմնադիր-տնօրեն, հետաքննող լրագրող Հասմիկ Վիրաբյանի, նրա երեք անչափահաս երեխաների և ընտանիքի անդամների նկատմամբ, ըստ առկա տվյալների, իրականացվում է համակարգված թիրախավորում, առցանց հալածանք, բուլինգ, զրպարտչական բնույթի հրապարակումներ և այլ ճնշումներ։
Այս ընթացքում հավաքագրվել են բազմաթիվ նյութեր և ապացույցներ, որոնք, մեր գնահատմամբ, կարող են վկայել տարբեր անձանց ներգրավվածության մասին։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է սոցիալական ցանցերի էջերի և խմբերի ադմինիստրատորներին, տեղեկատվություն տարածող կամ փոխանցող անձանց, երեխաների լուսանկարներն առանց համապատասխան իրավական հիմքի տարածելու հնարավոր դեպքերին, անձնական բնույթի տեղեկություններ փոխանցողներին, ինչպես նաև հնարավոր պատվիրատուներին և օժանդակողներին։
Առկա նյութերը պատշաճ կարգով կներկայացվեն իրավապահ մարմիններին՝ դրանց իրավական գնահատական տալու և յուրաքանչյուր անձի հնարավոր դերակատարությունը պարզելու նպատակով։
Առանձին մտահոգության առարկա է Հասմիկ Վիրաբյանի նախկին ամուսին Գրիշա Վիրաբյանի կողմից սոցիալական ցանցերում, մեր գնահատմամբ, պարբերաբար տարածվող կեղծ և զրպարտչական բնույթի տեղեկությունները, ինչպես նաև սպառնալիքների վերաբերյալ առկա փաստերը։
Բացի այդ, տեղեկություններ են ստացվել, որ խմբի հետ կապ ունեցող առանձին անձինք Գյումրիում այցելում են քաղաքացիների բնակության վայրեր և տարածում նրանց վերաբերյալ զրպարտչական ու չճշտված տեղեկություններ։ Այս հանգամանքները ևս ենթակա են իրավական գնահատման։
Մեր կողմից նախկինում արդեն տեղեկություններ են փոխանցվել ՀՀ գլխավոր դատախազությանը և Ազգային անվտանգության ծառայությանը՝ հնարավոր իրավախախտումների և առանձին իրավապահների հնարավոր ներգրավվածության վերաբերյալ։ Հետևաբար ակնկալում ենք, որ ներկայացված ահազանգերը պատշաճ կերպով կուսումնասիրվեն, իսկ անհրաժեշտության դեպքում կիրականացվեն համապատասխան ստուգումներ և քննություն։
Հատկապես ընդգծում ենք, որ անչափահաս երեխաների լուսանկարների, անձնական տվյալների կամ նրանց վերաբերյալ տեղեկությունների հնարավոր ապօրինի տարածումը պետք է դիտարկվի առանձնակի ուշադրությամբ՝ հաշվի առնելով երեխաների անվտանգության և անձնական կյանքի պաշտպանության առաջնահերթությունը։
Այս ամբողջ գործընթացը, մեր ունեցած տվյալներով, ակտիվացել է այն ժամանակահատվածում, երբ «Ամբիոն Նյուզ» լրատվականը սկսեց հրապարակայնորեն անդրադառնալ մի շարք քաղաքացիների բողոքներին՝ կապված Մելադա և Ռաֆիկ Սարգսյանների նկատմամբ ներկայացված վաշխառության և այլ հնարավոր իրավախախտումների վերաբերյալ պնդումների հետ։
Մենք պահանջում ենք իրավասու մարմիններից՝
պատշաճ և համակողմանի ուսումնասիրել ներկայացվող բոլոր փաստերը,
պարզել հնարավոր կազմակերպիչների, օժանդակողների և այլ մասնակիցների ինքնությունը,
իրավական գնահատական տալ սպառնալիքների, հետապնդումների, զրպարտչական հրապարակումների և անձնական տվյալների հնարավոր ապօրինի տարածման դեպքերին,
առանձնահատուկ ուշադրություն դարձնել անչափահաս երեխաների իրավունքների և անվտանգության պաշտպանությանը,
ուսումնասիրել նաև իրավապահ համակարգի որևէ աշխատակցի հնարավոր ներգրավվածության վերաբերյալ ներկայացված տեղեկությունները,
և օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում ձեռնարկել համապատասխան միջոցներ։
Մենք չենք պահանջում որևէ մեկին նախապես մեղավոր ճանաչել։ Պահանջում ենք միայն մեկ բան՝ յուրաքանչյուր ներկայացված փաստ ստանա օբյեկտիվ, անաչառ և օրենքով սահմանված կարգով պատշաճ գնահատական։
Խնդրում ենք իրավասու մարմիններին հետևողական լինել այս գործընթացի նկատմամբ, քանի որ անպատժելիության ցանկացած դրսևորում կարող է հանգեցնել նոր և ավելի վտանգավոր իրավախախտումների։
Հասմիկ Վիրաբյանը և «Ամբիոն Նյուզ»-ը շարունակելու են օրինական ճանապարհով բարձրաձայնել քաղաքացիների խնդիրները և ներկայացնել իրենց ձեռքի տակ գտնվող նյութերը իրավասու մարմիններին։
Լռությունը նման իրավիճակում տարբերակ չէ։ Պահանջը մեկն է՝ օրենք և արդարություն։
