Ամբիոն Նյուզը ահազանգում է․ Հասմիկ Վիրաբյանի անունից կեղծ էջերով տարածվում են կեղծ տեղեկություններ

«Ամբիոն Նյուզ» լրատվականը ահազանգում է, որ Facebook սոցիալական ցանցում բացվել են կեղծ էջեր, որոնց միջոցով, մեր տեղեկություններով, փորձ է արվում օգտագործել «Ամբիոն Նյուզ» լրատվական կայքի խմբագիր Հասմիկ Վիրաբյանի անունն ու հեղինակությունը՝ տարբեր անձանց էջերում կեղծ տեղեկություններ և մեկնաբանություններ տարածելու նպատակով։

Առավել ուշագրավ է այն հանգամանքը, որ այդ էջերի միջոցով երբեմն նույնիսկ վիրավորական կամ բացասական արտահայտություններ են գրվում տարբեր անձանց հասցեին՝ այդպիսով փորձելով ստեղծել տպավորություն, թե դրանք հենց Հասմիկ Վիրաբյանի կամ նրա կողմից կառավարվող էջերի հրապարակումներն են։

Մենք նման գործելակերպը գնահատում ենք որպես միտումնավոր մոլորեցման և իրական հեղինակներին թաքցնելու փորձ։

«Ամբիոն Նյուզը» կոչ է անում իրավապահ մարմիններին անհապաղ ուսումնասիրել կեղծ Facebook էջերի գործունեությունը, պարզել դրանց ստեղծողների և կառավարողների ինքնությունը և օրենքով սահմանված կարգով տալ համապատասխան գնահատական։

Համոզված ենք՝ կեղծ էջերի ստեղծողների բացահայտումը կարող է պատասխանել մի շարք հարցերի, այդ թվում՝ ովքեր են կանգնած այդ էջերի հետևում, ինչ նպատակ են հետապնդում և ինչու են փորձում Հասմիկ Վիրաբյանի անունն օգտագործել իրենց գործողությունները քողարկելու համար։

«Ամբիոն Նյուզը» շարունակելու է հետևել իրավիճակին և անհրաժեշտության դեպքում հրապարակել համապատասխան փաստերն ու ապացույցները։

Share This