«Ախուրյանում առողջ մթնոլորտը խաթարվում է քաղաքական դրդապատճառներով»․ ՀՅԴ-ական փոխհամայնքապետը՝ ՔՊ-ականներին
ՔՊ-ի այս նախաձեռնությանը պատասխանել է «Հաղթանակ» դաշինքի ղեկավար, Ախուրյանի համայնքապետի առաջին տեղակալ Կարեն Արշակյանը՝ գրելով․ «Ախուրյան համայնքի հարգելի՛ բնակիչներ, համայնքով մտահոգ անձինք։ Այս թեմային չէի անդրադառնա, եթե արհեստականորեն համայնքին չվերագրվեին բազմաթիվ «սարքովի» խնդիրներ: Որպես Ախուրյան համայնքի ղեկավարի տեղակալ, հարկ եմ համարում տեղեկացնել, որ համայնքում կառավարման որակի, համաչափ և դինամիկ զարգացման խնդիրներ չկան, առողջ մթնոլորտն էլ խաթարվում է միայն քաղաքական դրդապատճառներով: Գալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության և «Միավորում հանուն Ախուրյանի» քաղաքացիական նախաձեռնության նպատակներին, հարց եմ ուզում հղել. Հարգելի՛ նախաձեռնողներ, ինչո՞ւ խմբում ներգրավված չեն Ախուրյան համայնքի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու բոլոր 13 անդամները»: Քիչ անց, սակայն, Ախուրյան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ, «Հաղթանակ» դաշինքի ղեկավար Կարեն Արշակյանի գրառման տակ մեկնաբանություն է թողել Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը՝ գրելով․ «Պարոն Արշակյան, Դուք ներկայացնում եք, որ Ախուրյան համայնքում կառավարման որակի, համաչափ և դինամիկ զարգացման խնդիրներ չկան, կառավարման կոլապս չկա, մինչդեռ դուք ինքներդ Ձեր իսկ կողմից ընտրած համայնքի ղեկավարին պաշտոնապես անվստահություն եք հայտնում` ցանկանալով ամեն կերպ երկարացնել նրա պաշտոնավարման ժամկետը գոնե 1 տարով։ Այդ կոմբինացիայով Դուք, Ձեր թիմն է փաստում, որ համայնքում կա կառավարման խնդիր և բնական է, որ կլինեն քաղաքացիական նախաձեռնություններ, ուժեր և թիմեր, որոնք բարձր պատասխանատվությամբ կմոտենան հարցին և իրենց պատրաստակամությունը կհայտնեն համայնքի բնականոն աշխատանքներին և զարգացմանը իրենց ողջ ներուժն ու կարողությունները ներդնելու համար։ Պատասխանեմ նաև Ձեր հարցին, որ Ախուրյան համայնքի Քաղաքացիական Պայմանագիր խմբակցությունը միասնական է, իրենց միասնականությունը արտահայտել են բոլոր 13 ավագանիները` խմբակցության կողմից ներկայացնելով Զավեն Մանուկյանի թեկնածությունը։ Կից ուղարկում եմ նաև այդ գրությունը, որի մասին Դուք լավատեղյակ եք։ Հարգանքով` ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյան»։
