<<Զվարթնոց>> օդանավակայանում գերմանացի զբոսաշրջիկից 34 հազար դրամ են գանձել՝ Երևանի կենտրոն հասցնելու համար

Օդանավակայանի տաքսի ծառայության աշխատակիցը գերմանացի զբոսաշրջիկից 34 հազար դրամ է գանձել՝ օդանավակայանից Երևանի կենտրոն հասցնելու համար։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել էր Սուրեն Մանուկյանը․«Սա կտրոն է, որ տրվել է Հայաստան ժամանած գերմանացի մի քաղաքացու Զվարթնոց օդանավակայանից Մարրիոթ բերելու համար: Ու տաքսիստն էլ ինչ որ պատահական մեքենա չէ, այլ օդանավակայանի պաշտոնական տաքսիներից: Ես վաղուց այդ տաքսիներից չեմ օգտվում, բայց կարծում եմ, սա ոչ թե նախընտրության հարց է, այլ Հարկայինի զբաղվելու թեմա: Նշում եմ ՀՀ Զբոսաշրջության կոմիտե/Tourism Committee of RA-ին, որ փորձենք միասին հասկանալ, ինչ կարելի է անել, քանի որ իմ մոտ լրիվ “իսպանական ամոթ” է, երբ որ դու ոչ մի բանում մեղավոր չես, բայց ուրիշի փոխարեն ահավոր անհարմար ես զգում»,-գրել է օգտատերը:
Գրառումը շատ արագ լայն արձագանք գտավ հանրության շրջանում։ Կարճ ժամանակ անց պարզվեց, որ գերմանացի զբոսաշրջիկը ըստ ամենայնի խաբեբայի զոհ է դարձել, քանի որ նման տաքսի ծառայություն արդեն վաղուց չի գործում օդանավակայանում։ Նույն օգտատերը որոշ ժամանակ անց իր էջում նոր տեղեկություններ էր հրապարակել, որով և հաստատվում է, որ կտրոնի վրա նշված տաքսի ծառայությունը վաղուց չի գործում․«P.S.Ավելացում: Քանի որ այս պատմությունը շատ մեծ արձագանքներ ունեցավ, իսկ ես բոլորիդ պատասխանել ֆիզիկապես չեմ կարող, ընդհանուր պարզաբանեմ:
Այսօր հանդիպել եմ ընկերոջս, ով պատմել է իր գործընկեր գերմանացու հետ պատահածը ու ցույց տվել կտրոնը: Ընկերոջս վստահում եմ 100 տոկոսով: Ի վերջո նաեւ ինչ շահ պետք է ունենամ ես կամ ինքը այդ հարցը բարձրձայնելուց: Կամ ինչ շահ ունի գործերով Հայաստան եկած եւ գնացած գերմանացին, որ մի զրո էլ ավելացնի կտրոնի վրա, ինչպես որոշ մարդիկ գրառումներում կասկածեցին: Ես էլ ընկալել եմ այս իրավիճակը, որպես խայտառակություն մեր երկրի համար ու կիսվել:
Լրագրողներից իմ հետ կապ են հաստատել, տվել եմ ընկերոջս կոնտակտը: Եթե գերմանացին ուզենա խոսել էս թեմայով, ինքը կպատմի, եթե չէ, թող սա լինի ուղղակի իմ վրդովմունքի արտահայտությունը, որ նման բան կարող է լինել:
Նշվեց նաեւ, որ այդ տաքսի ծառայությունն այլեւս չկա: Ուրեմն այդ կտրոններից ինչ որ մեկի մոտ պահպանվել են եւ չգիտես էլ որտեղ ու ոնց կարող են հետագայում օգտագործել:
Միգուցե լրագրողները կկարողանան, ինչ որ բան պարզել: Ես նաեւ հասկանում եմ, որ քիչ հավանական է, որ այդ մարդուն գտնեն, չեմ էլ ունեցել նման նպատակ (դրա համար հանեցի ոստիկանության վրայից թեգը): Ուղղակի մի տեսակ կոչ էր էլի, որ նման բաները չպետք է լինեն մեր երկրում:
Իսկ դրանք, ցավոք լինում են, քանի որ մի քանի հոգի գրառումներում հաստատեցին, որ իրենք էլ են հանդիպել նման դեպքերի»:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )