ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Խոստիկյան եղբայրների կատարված հանցագործությունների վերաբերյալ

ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացի Սողոմոն Խոստիկյանի բողոքի առնչությամբ ՀՀ Քննչական կոմիտեն պարզաբանում է տարածել: Նշենք, որ նա սպառնում էր ինքնասպան լինել՝ պնդելով, որ քննիչն իր մորից 20 հազար դոլար կաշառք էր պահանջել՝ եղբայրներին ազատազրկման չդատապարտելու համար:
ՔԿ պարզաբանման մեջ նշվում է. «ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննված հիշյալ քրեական գործով ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական եւ դատավարական գործողություններ՝ կատարված հանցագործությունների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությունն ապահովելու, բազմադրվագ քրեական գործի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ 2014թ. ապրիլի 30-ին հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել եւ հիմնավորվել է հետեւյալը.
Իջեւան քաղաքի բնակիչներ Արման եւ Վաղարշակ Խոստիկյան երկվորյակ եղբայրները, նախկինում լինելով մի քանի անգամ դատապարտված` տարբեր հանցագործությունների, այդ թվում նաեւ`գողություններ կատարելու համար, 2014թ. փետրվարից հուլիսի վերջն ընկած ժամանակահատվածում կատարել են բազմաթիվ հանցավոր արարքներ:
Այսպես.
Արման եւ Վաղարշակ Խոստիկյանները, նախնական համաձայության գալով միմյանց հետ, 2014թ. փետրվարի 21-ին Երեւան քաղաքի Օրբելի փողոցի 14-րդ շենքի բակից գաղտնի հափշտակել են «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենան:
2014թ. մարտի 21-ին գաղտնի հափշտակել են «Մերսեդես Բենց Ե200» մակնիշի ավտոմեքենան:
2014թ. ապրիլի 18-ին Երեւան քաղաքի Մ.Ավետիսյան 4-րդ փողոցի 8ա շենքի բակից գաղտնի հափշտակել են ՀՀ Ազգային ժողովի հաշվեկշռում գտնվող ծառայողական «Վազ 2110» մակնիշի ավտոմեքենան:
2014 թվականի ապրիլի 28-ին Երեւան քաղաքի Շիրվանզադե փողոցի 4/2 շենքի բակից գաղտնի հափշտակել են «Մերսեդես Բենց 220 Ե» մակնիշի ավտոմեքենան:
Բացի այդ, Արման Խոստիկյանը, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու նպատակով նախնական համաձայնության գալով Վաղարշակ Խոստիկյանի եւ գործով չպարզված անձի հետ, 2014թ. հուլիսի 10-ին Էջմիածին քաղաքի Չարենց փողոցի թիվ 11Ե հասցեում գտնվող ավտոմեքենաների մարտկոցների խանութի մուտքի դուռը լինգով բացելով՝ ապօրինի մուտք են գործել խանութ եւ այնտեղից հափշտակել ավտոմեքենաների տարբեր տեսակների մարտկոցներ, որոնք տեղափոխել են «Մերսեդես Բենց 200Ե» մակնիշի հափշտակված ավտոմեքենայի մեջ: Նույն պահին խանութ ժամանած խանութի սեփականատերը պահանջել է կանգնել, ապա նաեւ հետապնդել է փախուստի դիմած հանցագործներին, որի ընթացքում վերջիններս դիտավորությամբ վնասել են նրա ավտոմեքենան եւ կարողացել են փախչել՝ բացահայտ հափշտակելով մարտկոցները:
2014թ. հուլիսի 16-ին առանց հափշտակելու նպատակի ապօրինաբար տիրացել՝ փախցրել են Երեւան քաղաքի Ավանեսովի 1 շենքի մոտ կայանված «Վազ 21121» մակնիշի ավտոմեքենան, որից գաղտնի հափշտակել են ընդհանուր զգալի չափի արժողությամբ գույք:
Այնուհետեւ, Արման Խոստիկյանը, նախնական համաձայնության գալով Վաղարշակ Խոստիկյանի եւ Արտակ Սամսոնյանի հետ, փախցրած վերոհիշյալ ավտոմեքենայի վրա տեղադրելով մեկ այլ ավտոմեքենայից հափշտակված հաշվառման համարանիշները, Արարատի մարզի Հովտաշատ գյուղում գտնվող խանութի մուտքի դուռը կոտրելով, ապօրինի մուտք են գործել եւ այնտեղից գաղտնի հափշտակել կանխիկ գումար, վճարային սարք, որից հափշտակել են զգալի չափի գումար:
Նույն օրը` 2014թ. հուլիսի 19-ին, Խոստիկյան եղբայրները եւ Արտակ Սամսոնյանը լինգերի գործադրմամբ ապօրինի մուտք են գործել Երեւան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող վաճառասրահ, գաղտնի հափշտակել վճարային սարքը, տեղափոխել եւ հափշտակել դրանում առկա խոշոր չափի կանխիկ գումարը:
Բացի այդ, Խոստիկյան եղբայրները եւ Արտակ Սամսոնյանը 2014թ. հուլիսի 22-ին առանց հափշտակելու նպատակի ապօրինաբար տիրացել՝ փախցրել են Երեւան քաղաքի Հ.Հովսեփյան փողոցում կայանված «Գազ-330012» մակնիշի ավտոմեքենան, այնուհետեւ ավտոմեքենայից գաղտնի հափշտակել են զգալի չափերի արժողությամբ գույք:
Արման Խոստիկյանը, նախնական համաձայնության գալով Արտակ Սամսոնյանի, Վաղարշակ Խոստիկյանի եւ Համլետ Վարդանյանի հետ, 2014թ. հուլիսի 23-ին փախցրել են Արշակունյաց 54 շենքի դիմաց կայանված «Գազ 2705-218» մակնիշի ավտոմեքենան, դրանով նույն օրը մեկնել Երեւան քաղաքի Նորագավիթ 1-ին փողոցում գտնվող անվադողերի խանութի մոտ, ապա՝ ապօրինի մուտք գործել վերոհիշյալ խանութ եւ այնտեղից գաղտնի հափշտակել են ընդհանուր խոշոր չափերի արժողությամբ տարբեր տեսակի անվադողեր:
Արման Խոստիկյանը 2014թ. հունվարի 24-ին Երեւան քաղաքի Սեբաստիա փողոցի շենքերից մեկի բակից գաղտնի հափշտակել է «Վազ 21214» մակնիշի ավտոմեքենան:
Նախաքննության ընթացքում կատարված քննչական եւ դատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերված բավարար եւ հիմնավոր ապացույցների հիման վրա՝ Արման եւ Վաղարշակ Խոստիկյաններին մեղադրանքներ են առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով, 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ), 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով (3 դրվագ), 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ), 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով (2 դրվագ), 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով, 183-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (3 դրվագ) եւ 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով, Արտակ Սամսոնյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով (2 դրվագ) եւ 183-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ), իսկ Համլետ Վարդանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով, 183-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, եւ նրանց բոլորի նկատմամբ նույնպես որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, եւ կայացվել է մեղադրական դատավճիռ:
2017 թվականի փետրվարի 27-ին կայացված դատավճռով՝ Արման Խոստիկյանի նկատմամբ որպես պատիժ է նշանակվել ազատազրկում` 12 տարի ժամանակով, Վաղարշակ Խոստիկյանի նկատմամբ՝ 11 տարի ժամանակով, Արտակ Սամսոնյանի նկատմամբ՝ 3 տարի 6 ամիս ժամանակով, իսկ Համլետ Վարդանյանի նկատմամբ՝ 2 տարի ժամանակով:
Դատավճիռը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան ինչպես դատախազի, այնպես էլ՝ ամբաստանյալներ Վաղարշակ եւ Արման Խոստիկյանների պաշտպանների կողմից:
2018 թվականի մայիսի 29-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ մերժվել են բերված բողոքները, եւ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի փետրվարի 27-ին կայացված դատավճիռը թողնվել է անփոփոխ:
Այնուհետեւ դատական ակտը պաշտպանի կողմից բողոքարկվել է նաեւ ՀՀ վճռաբեկ դատարան: ՀՀ Վճռաբեկ դատարանը 13.11.2018թ. կայացված որոշմամբ մերժել է ներկայացված բողոքների վարույթ ընդունումը, եւ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից կայացված դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ:
Հարկ ենք համարում տեղեկացնել նաեւ, որ դեռեւս 2018թ. հուլիսին դատապարտյալներ Խոստիկյան եղբայրների հարազատի եւ նրանց մտերիմ անձի կողմից հաղորդումներ են ներկայացվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ հիշյալ քրեական գործը քննող քննիչի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք պահանջելու եւ պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ, որոնց հիման վրա նախապատրաստված նյութերով 23.07.2018թ. հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի եւ 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Վերոհիշյալ քրեական գործով իրականացված քննության արդյունքում հիմնավորվել է, որ բացակայում է հանցագործության դեպքը, ուստիեւ՝ 2019թ. սեպտեմբերի 23-ին որոշում է կայացվել՝ հանցադեպի բացակայության հիմքով նշված քրեական գործի վարույթը կարճելու մասին»:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )