Վարդենիսում արձանագրված երեխայի մահվան դեպքը անասելի զայրացնող է․ Թագուհի Թովմասյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրել է․
«Դեկտեմբերի 10-ին Վարդենիսի հիվանդանոցում արձանագրված երեխայի մահվան դեպքը անասելի զայրացնող է: Ինչո՞ւ, որովհետեւ եթե կարճ բնութագրելու լինեմ, ապա այսօր ծանր վիճակում վերակենդանացման բաժանմունքում գտնվող, տղա երեխային կորցրած 32 ամյա Ինետա Գալստյանի վիճակի մեղավորը անպատասխանատվության այն շրջապտույտն է, որն անցնում է ՀՀ առողջապահության նախարարության, Պաշտպանության նախարարության եւ Գեղարքունիքի մարզպետարանի միջով:
Բանն այն է, որ 2017 թվականից սկսած Վարդենիսի հիվանդանոցը ՊՆ-ի զինհոսպիտալին միավորվելու գործընթացի մեջ է ու արդեն շուրջ 3 տարի հարցը վերջնականապես չի լուծվում: Վերջին անգամ սեպտեմբերին եմ քննարկում կազմակերպել այս խնդրի շուրջ հիվանդանոցում, բայց մինչ օրս իրավաբանական տարաբնույթ քաշքշուկների պատճառով հիվանդանոցի ապագան չի ուրվագծվում. հաստատությունը դեռ վերջնականապես Պն-ի ենթակայության տակ չի անցնում, մարզպետարանն էլ չի կարողանում՝ որպես Կառավարության ներկայացուցիչ, մասնագետներով համալրել կառույցը:
Արդյունքում Ծովակի բնակիչը, որը դիմել է Վարդենիսի ծննդատուն՝ մանկաբարձական բարդություններով, չի կարողացել բուժօգնություն ստանալ, նրան անմիջապես ուղղորդել են դիմել Մարտունի ԲԿ: Ինչպես տեղեկացա Վարդենիսի հիվանդանոցի տնօրենի արձակուրդի մեջ գտնվող ԺՊ-ից, ծննդկանի մոտ եղել է անհապաղ կեսարյան հատում անելու ցուցում: Բայց քանի որ հիվանդանոցը շուրջօրյա անեսթեզոլոգ չունի, դրա համար են անմիջապես Մարտունի ուղարկել: Նման պայմաններում առնվազն 30 րոպե ճանապարհ հատելուց եւ Մարտունի հասնելուց հետո անհնար է եղել սնուցման աղբյուրներից զրկված ներարգանդային 37 շաբաթական փոքրիկի կյանքը փրկել: Քիչ առաջ զրուցեցի նաեւ Երեւանի «Էրեբունի» ԲԿ ծննդօգնության գծով փոխտնօրեն, դոցենտ Անդրանիկ Պողոսյանի հետ, որի հսկողության տակ է գտնվում ծննդկանը: Տեղեկացրեց, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում, կայուն վիճակում է:
Այստեղ անհրաժեշտ եմ համարում հիշեցնել ՀՀ առողջապահության նախարարության առաքելությունը, որը չի սկսվում և ավարտվում հակածխախոտային պայքարով: «Առողջապահության նախարարության առաքելությունն է… բնակչության առաջնային և մաuնագիտացված բժշկական oգնության ու ծառայությունների ապահովման կազմակերպումը, մոր և մանկան առողջության պահպանմանն ուղղված քաղաքականության իրականացումը, բնակչության առողջության բարելավման միջոցառումների կազմակերպումը և առողջական վիճակի ուuումնաuիրությունը… »:
Եւ ուրեմն հարց. ինչո՞ւ իր պաշտոնական պարտականությունները չի կատարում նախարարությունը և ինչո՞ւ ցայսօր Վարդենիսի հիվանդանոցում չկան մասնագետներ (ընդ որում՝ ոչ միայն մանկաբարձության բնագավառի), ինչո՞ւ հիվանդանոցը չունի շուրջօրյա անեսթեզոլոգ: Քանի՞ մահ պետք է արձանագրվի, որ նախարար Արսեն Թորոսյանը իրականում սկսի զբաղվել Վարդենիսի հիվանդանոցով…
Հ. Գ. Ցավում եմ Ծովակի բնակիչների համար, որոնք երեխայի ծնունդին ուրախությամբ պատրաստվել էին, բայց դժբախտություն տեղի ունեցավ: Ինետա ջան, աղոթում եմ քեզ համար: Չհուսահատվես, կյանքն առջեւում է:
Հ.Գ. նկարը՝ Վարդենիսի հիվանդանոցի վիրահատարանից..»։