Սերն ու Բաժանումը
Դաշտի ծայրին կանգնած էին Սերն ու Բաժանումը և հիանում էին երիտասարդ զույգով: Բաժանումն ասաց Սիրուն.
-Գռազ գանք. ես նրանց կբաժանեմ:
Սերը պատասխանեց.
-Սպասիր, թող` ես ընդամենը մեկ քայլ անեմ, իսկ այնուհետև դու կարող ես մոտենալ նրանց այնքան, ինչքան կցանկանաս, և այդ ժամանակ կտեսնենք` կարո՞ղ ես նրանց բաժանել:
Բաժանումը համաձայնվեց: Սերը մոտեցավ երիտասարդ զույգին և հպվեց նրանց, նայեց նրանց աչքերի մեջ և տեսավ, թե ինչպես նրանց միջով կայծ անցավ: Սերը ետ քաշվեց և ասաց.
— Հիմա քո հերթն է:
Բաժանումը պատասխանեց.
-Ոչ, ես հիմա ոչինչ չեմ կարող անել. հիմա նրանց սրտերը սիրով են լցված: Ես մի քիչ ուշ նրանց կայցելեմ:
Ժամանակ անցավ: Բաժանումը մոտեցավ տանը և նայեց պատուհանից ներս, նա տեսավ երիտասարդ մորը`ամուսնու և մանկան հետ: Բաժանումը հույս ուներ, որ Սերն արդեն մարել է, և շեմքից ներս մտավ: Բայց, նայելով նրանց աչքերին, տեսավ Երախտագիտություն: Բաժանումը շրջվեց և ասաց.
-Ես նրանց մոտ ավելի ուշ կգամ:
Ժամանակ անցավ: Բաժանումը կրկին հայտնվեց նրանց մոտ: Տանը աղմկում էին երեխաները, աշխատանքից հոգնած ամուսինն է եկել, մայրը երեխաներին էր հանգստացնում: Բաժանումը հույս ուներ, որ գոնե հիմա ինքը կարող է նրանց բաժանել, չէ որ այդ ընթացքում և Սերը, և Երախտագիտությունը վաղուց պետք է անհետացած լինեին նրանց սրտերից: Բայց, նայելով նրանց աչքերի մեջ, այնտեղ Հարգանք և Ըմբռնում տեսավ:
-Ես հետո կայցելեմ,- ասաց Բաժանումը:
Դարձյալ ժամանակ անցավ: Նա կրկին եկավ նրանց մոտ: Նայում է` երեխաները արդեն մեծ են, ալեհեր հայրը ինչ-որ բան է բացատրում նրանց, կինը ուտելիք է պատրաստում խոհանոցում: Նայեց Բաժանումը նրանց աչքերի մեջ և հիասթափված հոգոց հանեց. այնտեղ Վստահություն տեսավ:
-Ես հետո կգամ,- ասաց Բաժանումը և դուրս եկավ:
Էլի ժամանակ անցավ: Բաժանումը կրկին մոտեցավ տանը: Նայում է, իսկ այնտեղ վազվզում են թոռները, իսկ բուխարու մոտ նստած է վշտով համակված ծեր մի կին: Բաժանումն ինքն իրեն մտածեց.ՙՙ «Ահա, կարծես եկել է իմ ժամանակը՚՚»: Ուզում էր նայել պառավի աչքերի մեջ, բայց նա ոտքի ելավ և դուրս եկավ տնից: Բաժանումը հետևեց նրան: Շուտով պառավը գնաց գերեզմանատուն և նստեց մի գերեզմանի մոտ: Դա իր ամուսնու գերեզմանն էր:
«Կարծես թե ուշացել եմ,- մտածեց Բաժանումը,- ժամանակն իմ փոխարեն գործել է՚՚»: Եվ Բաժանումը նայեց պառավի արցունքներով լի աչքերի մեջ և նրանց մեջ տեսավ Հիշողություն` Հիշողություն Սիրո, Երախտագիտության, Հարգանքի, Ըմբռnման և Վստահության մասին:
