Սասնա ծռերը հանդես են եկել հայտարարությամբ՝ ըստ էության սպառնալով Փաշինյանին

Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 9-ին, Ջերմուկի Գրանտ Ռեզորթ հյուրանոցում ՀՀ փոխոստիկանապետը, ոստիկանապետի խորհրդականը, ոստիկանության այլ պաշտոնատար անձինք, Վայոց Ձորի մարզպետը և Ջերմուկի համայնքապետը հանդիպել են Ջերմուկ համայնքի մի խումբ բնակչների հետ, ովքեր մասնակցում են դեպի Ամուլսար տանող ճանապարհների արգելափակմանը։ Հանդիպման ընթացքում ՀՀ կառավարությանը ներկայացնող պաշտոնյաներն առաջարկել են բացել Ամուլսարի մուտքերը և թույլ տալ, որ «Լիդիան» ընկերությունը ձմեռացման աշխատանք կատարի։
Հանդիպմանը ներկա բնակիչները կտրուկ կերպով մերժել են պաշտոնյաների հորդորները, սակայն եւ հաշվի առնելով, որ Ամուլսարի հետ կապված խնդիրը միայն տեղային նշանակության խնդիր չէ, այլ համաժողովրդական, հայտարարել են, որ հանրային քննարկում կկազմակերպեն և օրեր անց կներկայացնեն բոլորի դիրքորոշումը։
Այս առնչությամբ արդեն հայտարարությամբ է հանդես եկել «Սասնա ծռեր» կուսակցությունը՝ վճռականություն հայտնելով, որ կխափանի Ամուլսարի շահագործման բոլոր փորձերը։ Հաշվի առնելով, որ այս կուսակցությունը Հայաստանի թերեւս միակ կուսակցությունն է, որը բացահայտ ընդունում է ժողովրդի՝ նաեւ զենքի ուժով ապստամբելու իրավունքը, կարելի է թերեւս այս հայտարարության տակ հասկանալ, որ վերջիններս իշխանություններին ըստ էության սպառնում են։ Սա այն դեպքում, երբ ամիսներ առաջ այս կուսակցության ղեկավար կազմի պատվիրակությունը հանդիպում է ունեցել կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հետ, որի հետո, նույնիսկ կարելի էր կարծել, որ ինչ որ փոխհասկացողության են եկել։
Սակայն այժմ նկատի ունենալով հայտարարության վճռական ու հատու տոնն ու բառապաշարը, կարելի է նաեւ եզրակացնել, որ կառավարությունը, արտաքին ճնշումների ազդեցությամբ, որոշել է ամեն դեպքում «Լիդիանի» հետ շատ «խաղեր» չտալ, ու այդպիսով խախտել է գուցե որոշակի պայմանավորվածություններ, որոնք ձեռք են բերվել հայտնի հանդիպման ժամանակ։ Ուշագրավ կլինի տեսնել, թե ինչ է արձագանքելու իշխանությունը եւ այս հայտարարության լրջության մակարդակը որքան է գնահատվելու։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )