Չկա չարիք՝ առանց բարիքի

Մեզ մոտ՝ Երեւանում, արձանները մաքրում են, երբ արձանի վիճակը վթարային է դառնում: Նախ վերանորոգում են, հետն էլ, ուզած-չուզած, մաքրում: Հիշենք, թե ինչպես վերանորոգեցին ու մաքրեցին Ազատության հրապարակի Հովհաննես Թումանյանի եւ Ալեքսանդր Սպենդիարյանի արձաններն ու պատվանդանները:
Վերջինը՝ Երեւանի երկաթուղային կայարանի հրապարակում 1959-ին տեղադրված, Երվանդ Քոչարի հեղինակած Սասունցի Դավթի արձանն էր: Տեղում, արձանի միջից թափեցին կուտակված ջուրը, փոխեցին ժանգոտված կապերը, ուժեղացրին նոր ամրակապերով, տեղադրեցին գողացված «համբերության թասը»: Վերջում էլ արձանը պլպլացրին:
Երեւանի Օղակաձեւ զբոսայգու սկզբնամասում, «Այրարատ» կինոթատրոնի դիմացի մայթին կանգնեցված Ալեքսանդր Գրիբոյեդովի բրոնզաձույլ արձանն «առաջատարն» էր յուղոտ, կեղտից ու փոշուց կեղեւապատված հուշարձանների շարքում:
Հիշեցման կարգով. Գրիբոյեդովի արձանը տեղադրվել է 1974-ին․ քանդակագործն է Հովհաննես Բեջանյանը, ճարտարապետը՝ Սպարտակ Կնտեխցյանը: Վերջերս, արձանի հետ կատարված սկանդալային միջադեպը ե՛ւ վրդովեցնող էր, ե՛ւ, ինչ-որ տեղ, գոհացուցիչ: Վրդովեցնող էր, որովհետեւ տասնամյակների ընթացքում արձանի մակերեւույթին գոյացած խոշոր կեղտահետքերին ավելացան նորերը՝ վառ գույներով ծորացող ներկահետքերը: Եվ այսպես. Գրիբոյեդովի արձանը մի գիշերվա մեջ «օծվեց» թարմ յուղաներկով: Արարքն ինքնին տղայություն էր, թեեւ իրագործողը գոնե ազնվություն ունեցավ եւ խոստովանեց, որ դա արել է ի հեճուկս այլ երկրում իրագործված վանդալիզմի փաստերի:
Թերեւս ժամանակն է հասկանալու, որ Գրիբոյեդովի արձանը տասնամյակներ կեղտի մեջ թաթախված պահելը ոչ պակաս վանդալիզմ էր: Հենց սա է ապացուցում այն իրողությունը, որ Գրիբոյեդովի արձանի ամոթալի տեսքի մասին ահազանգերը մնում էին անարձագանք («Կույրն անգամ կտեսնի, համրն անգամ կճչա», «Հրապարակ», 04.11.2014):
Որպես բարիքի եւ գոհունակության արդյունք՝ Գրիբոյեդովի արձանն անհապաղորեն «լողացրին քիսայով» ու պլպլացրին: Այնքան առագ ու եռանդով արձանը տեսքի բերեցին, որ ակամա հիշեցրեց «Չկա չարիք՝ առանց բարիք» թեւավոր խոսքը:
ՀԳ. Թեեւ երեւանյան միջադեպի մեջ քաղաքական ենթատեքստ փնտրելու փորձերը խափանվեցին, այդուհանդերձ, Արմավիրում եւ Սոչիում կատարվածը ռուսական կողմի համար պետք է որ առավել մտահոգիչ լիներ:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )