Չեմ տրվելու սադրանքին և համարժեք չեմ պատասխանելու Արա Խզմալյանին
Օրեր առաջ՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալների ասուլիսին, նախարարի տեղակալ Արա Խզմալյանը Գրապալատի շենքի աղավաղմանը դեմ բողոքող անհայտ պայքարողին կոնկրետ որակումներ էր տվել՝ անվանելով նրան ոչ կոմպետենտ։ Թե ում նկատի ուներ նախարարի տեղակալը՝ չգիտեմ․ ինձ, Նազենի Ղարիբյանին, Վահե Բուդումյանին (մեր բոլորի համար անընդունելի է այդ նախագծով հուշարձանի աղավաղումը) կամ նախաձեռնության անդամների՞ն, թե՞ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին, որոնք կոչ արեցին դադարեցնել շինարարական աշխատանքները: Հավանաբար, ինձ նկատի ունի: Իշխանական «Իմ քայլը» խմբակցության ղեկավար, մշակույթի նախկին նախարար Լիլիթ Մակունցի կայացրած որոշումը չհարգելուց հետո մեկ անգամ եւս ապացուցեց, որ չունի քաղաքական կոռեկտություն: Ես, իհարկե, ամենամեծ գայթակղությամբ չեմ տրվելու սադրանքին եւ համարժեք չեմ պատասխանելու:
Նախարարների տեղակալներին խորհուրդ կտամ՝ մեկ անգամ եւս նայել իրենց հաստատած նախագիծը, կարդալ ճարտարապետների մասնագիտական կարծիքն այդ նախագծի մասին, Երեւանի մշակութային ժառանգությամբ մտահոգված քաղաքացիներին լսել եւ հետեւություններ անել: Շատ սիմվոլիկ էր, որ այդ ասուլիսը վարողները՝ բոլորը, նախկին ռեժիմի չինովնիկներ են, որոնք միշտ գտնում են պետական համակարգում գոյատեւելու ճանապարհ: Նաեւ շատ սիմվոլիկ էր, որ ես, Նազենի Ղարիբյանը եւ Վահե Բուդումյանը շատ հաճախ նույն երեւույթի մասին հակառակ կարծիքներ էինք ունենում, ինչը շատ բնորոշ է արվեստագետներին եւ արվեստաբաններին, սակայն այս հարցում, իրարից անկախ, երեքս էլ նույն կարծիքին էինք: Ես հասկանում եմ, որ նրանց կողմից փորձ է արվում նսեմացնել՝ ներկայացնելով այն զուտ նախկինների վրեժխնդրություն:
Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ․ եթե նրանք կասեցնեն այս նախագծով հանրապետական նշանակության հուշարձանի ճարտարապետության աղավաղումը, ես կողջունեմ նրանց այդ քայլը: Այս նախագծի հաստատման ընթացքն ուսումնասիրելիս հայտնաբերել եմ որոշակի խախտումներ: Նախագիծը ստացել է շինթույլտվություն (ըստ ավագանու անդամ Արսեն Կարապետյանի)՝ առանց կառավարության որոշման (հանրապետական նշանակության հուշարձան փոփոխելու համար, ըստ «Հուշարձանների մասին» օրենքի, անհրաժեշտ է կառավարության որոշում): Համաձայն գիտամեթոդական խորհրդի կարգի (այդ ժամանակ գործող, հիմա արդեն փոխել են)՝ մեջբերում կարգից․ «Գիտամեթոդական խորհուրդը խորհրդակցական մարմին է, որը գործում է լիազորված մարմնի կազմում եւ բաղկացած է հուշարձանների հետազոտման, պահպանության, վերականգնման ու օգտագործման բնագավառների առավել փորձառու մասնագետներից»։ Նարինե Թուխիկյանը մասնագիտությամբ լրագրող է եւ, համաձայն այս կարգի, չէր կարող լինել գիտամեթոդական խորհրդի անդամ եւ նախագահել, իսկ նրա՝ նույնիսկ երկրից բացակայության պարագայում (համաձայն կարգի) նրան պիտի փոխարիներ խորհրդի նախագահի տեղակալը, եւ թատերագետ Արա Խզմալյանն իրավասու չէր նախագահել, ինչքան էլ գերշահագրգռված է այս նախագծի իրականացմամբ: Գիտամեթոդական խորհրդի 2 անդամներ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հայտնել են, որ չեն մասնակցել այս նիստին: Նիստին, ըստ արձանագրության, մասնակցել է 13 անդամ։ Եթե համարենք, որ առնվազն 2 հոգի ներկա չի գտնվել, ապա 11 հոգի է մասնակցել, եւ չի եղել քվորում, խորհուրդն ուներ 23 անդամ: Քարտուղարող Կարինե Հակոբյանի փոխարեն այլ մարդ է քարտուղարել եւ նրա անվան դիմաց ստորագրել: Արձանագրության մեջ առկա չեն քվեարկության արդյունքները:
Վերը ներկայացված փաստերը բավարար են՝ անվավեր ճանաչելու 2019թ․ սեպտեմբերի 13-ին կայացած նիստի արձանագրությունը, կասեցնելու նախագծի շինթույլտվությունը, հետեւելու «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների պահանջին՝ դադարեցնել քանդման աշխատանքները եւ Գրապալատի շենքը վերականգնել ու փոփոխություններ իրականացնել ճարտարապետական հանրության եւ հասարակության համար ընդունելի գրագետ նախագծով: