Ո՞Վ Է ՍՏԵՂԾԵԼ ՍԱՔՍՈՖՈՆԸ, ԵՎ ԻՆՉՈ՞Ւ Է ԱՅՆ ԱՅԴՊԵՍ ԿՈՉՎՈՒՄ
Բոլորս էլ ծանոթ ենք սաքսոֆոն կոչվող երաժշտական գործիքին, բայց քչերը գիտեն, թե ով է ստեղծել և ինչպես է սաքսոֆոնը ստացել իր անվանումը: Մենք հենց հիմա կլրացնենք այդ բացը։
Սաքսոֆոնի հիմնադիրը Ադոլֆ Սաքսն է, ում անունով էլ կոչվել է գործիքը։ Ադոլֆ Սաքսը ծնվել է 1814 թ․-ի նոյեմբերի 6-ին՝ Բելգիայում, փողային գործիքների հայտնի վարպետ Շարլ Ժոզեֆ Սաքսի ընտանիքում:1836 թ․-ին ընտանիքը գաղթում է Ֆրանսիա: Ադոլֆը ավագ երեխան էր, մանկուց նա հետևում էր իր ծնողների գործունեությանն ու բնականաբար նա ևս պետք է քայլեր ծնողների հետքերով։ Արդեն 6 տարեկանում նրա մոտ նկատվում են երաժշտական ընդունակություններ, 12 տարեկանում Ադոլֆը սկսում է օգնել իր հայրիկին արհեստանոցում, իսկ ահա 16 տարեկանում արդեն առաջին փորձերն է անում՝ ստեղծելով ֆլեյտա և կլարնետ։Երիտասարդ Ադոլֆը շուտով ընդունվում է Բրյուսելի կոնսերվատորիա, և արդեն 20 տարեկանում հայրը նրան է վստահում իր արհեստանոցի ղեկավարումը։
1842 թ․-ին Ադոլֆ Սաքսը Փարիզում բացում է փողային գործիքների ֆաբրիկա։ Այնտեղ վարպետը զբաղվում է բաս-կլարնետի ձայնի կատարելագործմամբ: Արդյունքում այն ընդլայնում է ձայնի դիապազոնը, փոխում է ձևն ու նմանվում ծխամորճի։ Նոր գործիքը ստանում է սաքսոֆոն անվանումը («Սաքսի հայտնաբերած ձայն») և արտոնագրվում է 1846-ին:
Սակայն ինչպես յուրաքանչյուր նոր և ստացված հայտնագործություն, այս մեկն էլ մարդկանց շրջանում երկար քննարկումների ու հաճախ նաև քննադատությունների առիթ է դառնում։ Գտնվում են մարդիկ, ովքեր սկսում պայքարել Սաքսի դեմ։ Ի վերջո երկար տարիներ շարունակվող ինտրիգները և դատական իրարացնումները լավ արդյունքի չեն հանգեցնում․ ֆիրման սնանկանում է, տաղանդավոր վարպետն էլ կորցնում է առողջությունը։ Ադոլֆ Սաքսը մահանում է 1894 թ․-ի փետրվարի 4-ին աղքատության մեջ, Փարիզում։
Ի դեպ, այսօր՝ ի նշան Ադոլֆ Սաքսի ծննդյան 201-րդ տարեդարձի, Google-ը փոխել է իր ավանդական doodle-ը։