Նրանք Նիկոլ Փաշինյանի արժանի աշակերտներն են

Հարգելի Վաչագան Սարգսյան, մի զարմացեք ու մի վրդովվեք, որ «Իմ քայլի» պատգամավոր Սոնա Ղազարյանը, ում դուր չեն եկել տնային տնտեսուհու կերպարով կանայք՝ Ձեր Այբբենարանում, Ազգային ժողովի բարձր ամբիոնից հայտարարում է․ «Ես կարծում եմ, որ այդ այբբենարանի տեղն աղբամանում է»։ Նա իր «ուսուցչի»՝ իրեն ԱԺ բերած վարչապետ Նիկոլ Փաշինյանի արժանի աշակերտն է։ Մոռացե՞լ եք, որ ասում էր՝ «Վանեցյանն իր ուսադիրները նետեց աղբամանը»։ Առհասարակ՝ այս իշխանությունների համար աղբամանի թեման հոգեհարազատ է, ընտրություններից առաջ էլ Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզչության օրերին կոչ էր անում ընտրողներին՝ ոչ մի ձայն չտալ եւ «ՀՀԿ-ին նետել քաղաքական աղբանոցը»։ Իսկ ինչո՞ւ չպետք է Փաշինյանի «աշակերտները» յուրացնեն այդ լեքսիկոնը եւ այն կիրառեն նաեւ այլ իրավիճակներում։
Հարգելի Թեհմինա Վարդանյան, մի զարմացեք, որ քաղաքապետ Հայկ Մարությանը «ցինիկ» ծիծաղով է արձագանքում ձեր քննադատություններին, ձեր բացահայտումներին։ Մի քիչ ուշադիր եղեք եւ այդ ցինիկ ժպիտը կամ ծիծաղը գրեթե ամեն օր կհայտնաբերեք նրա քաղաքական «հոր»՝ Նիկոլ Փաշինյանի մոտ։ Մի վարչապետից, որը կառավարության նիստում հանրության կողմից րընդունված մի անձի նշանակում է Հանրային խորհրդի ղեկավար եւ քաղաքական ուժերի մասին խոսելիս քամահրանքով հայտարարում է․ «Ջհանդամ, թե ընդդիմադիր չեք դառնա, անցած տարի դարձած լինեիք, այս տարի ահագին ժամանակ կլիներ», ավելի սպասել պետք չէ։ Կամ՝ Վազգեն Մանուկյանին նկատի ունենալով, ասում է․ «Խոզի գլուխը, որ դնում ես գորգի վրա, գլորվում, ընկնում է ցեխի մեջ․․․ Հիմա բոլոր էն խոզերի գլուխները, որ դրվել են գորգի վրա, հերթով գլորվելու են ցեխի մեջ»։ Դուք այդ ցինիզմը, չգիտես ինչու, չեք նկատում, սեւեռվել եք Հայկոյի վրա։ Երկրի առաջին դեմքի վարք ու բարքը վարակիչ է՝ գոնե լեքսիկոնի ու ժեստիկուլյացիայի առումով։ Իրենք էլ ամեն մեկը «փոքրիկ նիկոլիկներ» են, որ երազում են մեծանան «մեծ նիկոլ» դառնան ու սկսեն ծեփել ու փռել, գոռալ ու հոխորտալ։ Որովհետեւ իրենց թվում է, թե ուժը, տղամարդկությունը, երկրի ղեկավար լինելը հենց դա է՝ որ մարդիկ սարսափեն իրենցից, ու իմանան, որ պետք է իրենց ներկայությամբ զգաստ կանգնեն ու պատիվ տան՝ մտքում մի գրամ հարգանք չունենալով իրենց նման խեղկատակ ղեկավարների նկատմամբ։
Հարգելի Նաիրա Զոհրաբյան, մի զարմացեք, որ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ձեզ հակադարձում է․ «Քանի՞ գլխանի էիք, որ վարչապետին չընտրեիք»։ Մոռացել ե՞ք ժամանակին ինչ ելույթներ էր ունենում խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը՝ վերջնագրերի լեզվով, սադրելով, թե՝ հլա փորձեք ձեր բախտն ու դեմ քվեարկեք ինձ։ Բանը հասավ նրան, որ հայտարարեց․ «Կամ ես վարչապետ կընտրվեմ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա»։ Ուրիշ ի՞նչ եք սպասում Նիկոլ Փաշինյանի շրջապատից՝ ցինիզմը վարակիչ բան է, փոխանցվում է ամբողջ թիմին։
Առավել եւս պետք չէ զարմանալ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի, վարչապետի աներձագ Հրաչ Հակոբյանի, վարչապետի տիկին Աննա Հակոբյանի, վարչապետի եղբոր որդի Սիփան Փաշինյանի, վարչապետի քավոր Հայկ Ղալումյանի, վարչապետի սրտի նախարար Արայիկ Հարությունյանի, տարբեր կալիբրի ու որակի դեմքերի պահվածքի ու խոսքի վրա, որոնք բոլորն ընդօրինակում են Նիկոլ Փաշինյանին եւ այս ցինիզմն ու ինքնավստահությունը ողջ թիմի բնորոշ գիծն է՝ թելադրված առաջին դեմքից։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )