Մեր ԱԳՆ-ի անատամ պատասխանը Ուկրաինայի նախագահ Զելենսկուն

Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 16-17-ին Ադրբեջան կատարած իր պաշտոնական այցի ընթացքում Ուկրաինայի նախագահը խոսել է նաեւ Ղարաբաղյան հակամարտության մասին, աջակցություն հայտնելով Բաքվին այդ հարցում։ Մասնավորապես, նախագահ Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան ու Ադրբեջանն աջակցում են միմյանց «ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերականգնման հարցերում»:
«Այսօրվա զրույցի կարևոր թեման ազգային և տարածաշրջանային անվտանգության ապահովումն էր: Առաջին հերթին խոսքն Ուկրաինայի արևելքում ընթացող պատերազմի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին է: Մենք մշտապես աջակցում ենք միմյանց մեր պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերականգնման հարցում՝ ըստ միջազգայնորեն ճանաչված սահմանների»,- ասել էր Ուկրաինայի նախագահը:
Այս հայտարարությունը բավական քննարկվեց հայկական մեդիատիրույթում եւ ահա ՀՀ ԱԳ նախարարությունն իր խոսնակ Աննա Նաղդալյանի բերանով որոշել է պատասխանել Զելենսկուն։ Ու կրկին՝ ուզել են որ լավ բան ստացվի, բայց ստացվել է ինչպես միշտ։ Աննա Նաղդալյանը, ամենայն լրջությամբ ասել է, որ ԵԱՀԿ բոլոր մասնակից պետություններն արձանագրել են, որ ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի երեք սկզբունքների, այդ թվում ինքնորոշման իրավունքի հիման վրա:
«ԵԱՀԿ բոլոր մասնակից պետություններն արձանագրել են, որ ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի երեք սկզբունքների, այդ թվում ինքնորոշման իրավունքի հիման վրա: Այդ հանձնառությունը վերահաստատվել է Ուկրաինայի կողմից՝ ԵԱՀԿ-ում վերջինիս նախագահության ընթացքում: Հայկական կողմը մշտապես հետամուտ է լինելու ԵԱՀԿ հանձնառությունների կատարմանը»,-նշել է նա:
Հայրենական ԱԳՆ-ից ինչ ասես արդեն կարելի էր սպասել, բայց սա իրոք գլուխգործոց կարելի է համարել, դիվանագիտական մտքի գոհար։ Նախ, նման հայտարարություն անելու առիթն առհասարակ չկար։ Դրա փոխարեն կարելի էր Հայաստանում Ուկրաինայի դեսպանին, կամ նրա բացակայության պարագայում լիազորված անձին, ով այս պահին ղեկավարում է այդ երկրի երեւանյան դիվանագիտական առաքելությունը հրավիրել ԱԳՆ եւ բացատրություններ պահանջել ու այն, ինչ ասել է Աննա Նաղդալյանը, ըստ էության օդում դատարկ փամփուշտ կրակելով, ասել այդ հանդիպման ժամանակ։
Եվ հետո, ոնց կասեր հայտնի շախմատային գրոսմայստերը՝ «իյա, իրո՞ք»։ Ուրեմն Ղրիմն ու Սեւաստոպոլը կորցրած, Դոնբասի կորցնելու վտանգի տակ գտնվող Ուկրաինան պետք է հանուն Երեւանի որդեգրեր այնպիսի կեցվածք, որը ըստ էության կօրինականացներ իր տարածքային կորուստները։ Իսկ ՀՀ ԱԳՆ-ում Աննա Նաղդալյանի սույն հայտարարությունև գրելիս, կարող է խմած են եղել, կամ ուրիշ մի վիճակի մեջ։ Բա էլ ոնց պետք է Կիեւը դեմարշ աներ ամեն պատեհ-անպատեհ առիթի Մոսկվային ՄԱԿ-ում եւ այլուր աջակցող Երեւանին։ Զելենսկին կլիներ աշխարհի ամենամեծ «Կարգին Հայկոն», որ այդ առիթը բաց թողներ ձեռքից։
Ուկրաինան այժմ պայքարում է նույնիսկ դաշնայնացման դեմ, հասկանալով, որ դա փլուզման է տանելու առանց այն էլ կիսափուլ երկիրը, ուր մնաց խոսեր այլ բան, քան տարածքային ամբողջականության եւ սուվերենիտետի վերականգնումը։ Այնպես որ այս հայտարարությունը պարզապես պետք է ներառել դիվանագիտության դասագրքերի մեջ՝ ապաշնորհության գլուխգործոցների օրինակ որպես։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )