Ձյունանուշին զրկել են ՌԴ քաղաքացիությունից
Ձյո՞ւնն է, եղանակը, թե քրեական գործերն ու քաղաքական իրադարձությունները, սակայն այս տարի Ամանորի շունչ մի տեսակ չկա։Հանրապետության հրապարակում Երևանի քաղաքապետարանի կողմից լիցենզավորված Ձմեռ պապերի ու Ձյունուշներն էլ սակավ են սովորական տարիների համեմատ։ Հանրապետության հրապարակում անցնում էինք այն պահին, երբ մի Ձմեռ պապիկ պոկում էր մորուքը, հանում թիկնոցն ու գավազանը, տեղավորում մայթին կայանած մեքենայի մեջ՝ ասելով, որ «շարժ չկա»։
Հրապարակում, առհասարակ, մեկ Լուիզա Շիրակյան անուն-ազգանունով մի Ձյունանուշի հանդիպեցի, որը նոր էր վերադարձել Ռուսաստանից ու պատրաստվում է մի քանի օրից մեկնել։ Տարիներ առաջ ՌԴ արտագաղթած 30-ամյա կինը հայտնվել է անորոշ վիճակում․ 2009 թվականից ապրելով Մոսկվայում, նա դիմել է ՌԴ քաղաքացիություն ստանալու համար, սակայն մերժվել է ու այս ընթացքում էլ չգիտես ինչու հրաժարվել է հայկականից։
«2016-ին պետք է ստանայի քաղաքացիություն, չեն տվել, ասում են՝ ամուսինդ քաղաքացի չէ, եսիմ ինչ, բայց երկու երեխա ունեմ՝ քաղաքացի են, հիմա մենակ «վիդ նա ժիտելստվա» ունեմ, թղթերը հանձնել եմ, եկել եմ Հայաստան ու հլը որ չեն տալիս, ու ձգձգում են։ Հիմա եկել եմ Հայաստան ու ասածս այն է, որ եթե իմ անձանգիրը տան, ես այնտեղ տուն ունեմ, կարում եմ ապրեմ, իսկ այստեղ տուն չունեմ»,-պատմում է 30-ամյա Ձյունանուշ Լուիզան։
Նա դիմում է ՀՀ իշխանություններին՝ խնդրանքով, որպեսզի ռազմավարական դաշնակցի առաջ բարձրացնեն իր հարցը, որպեսզի օրենքով սահմանված կարգով ստանա «իրեն հասանելիք քաղաքացիությունը»։ Վերջում Ձյունանուշը նկատեց՝ չէ՞ որ Ամանորին մարդկանց երազանքները կատարվում են։
Համապատասխան մարմինների կողմից արձագանք կլինի, ապա մեր տրամադրության տակ է նաև Ձյունանուշի համարը, որը կարող ենք փոխանցել։