Ձմռանը ծաղկող բույսեր
Եթե ցանկանում եք ձմռանը ձեր տանը ծաղկող բույսեր ունենալ, ապա խոլորձ, լեռնավարդ կամ մրտավարդ (ալպյան վարդ), պուանսետիա, սենյակային փողաշուշաններ (կալա), զիգոկակտուս, ռիպսալիդոպսիս, կամելիա, շքանարգիզ (հիպեաստրում), սոխակավոր բույսեր ձեռք բերեք: Սակայն ձմռանն առավել հաճախ վաճառվող տնային բույսերից են գուզմանիան և վրիեզիան:
Պուանսետիա` Սուրբ Ծննդի հնագույն խորհրդանիշ
Արդեն դեկտեմբերից սկսվում է պուանսետիայի շրջանը: Սուրբ Ծննդյան աստղ հիշեցնող փարթամ, խիտ և կարմիր տերևներով պուանսետիան ավանդաբար ծաղկում է Սուրբ Ծննդի նախօրեին: Այս բույսն ուղղակի հիասքանչ նվեր է Ամանորի համար:
Զիգոկակտուս դեկաբրիստ
Այս գեղեցիկ, հյութալի բույսը նույնպես ծաղկում է Սուրբ Ծննդի նախաշեմին: Խոնավություն սիրող կակտուսներից ամենատարածվածը դեկաբրիստն է, որն այդպես է կոչվում ձմռանը ծաղկելու պատճառով: Մինչև 6-8 սմ երկարության հասնող վարդագույն, մորեգույն կամ մուգ կարմիր ծաղկաբույլերը բույսին չափազանց դեկորատիվ տեսք են հաղորդում: Զիգոկակտուսն առատորեն ծաղկում է ձմռանը, իսկ ամռանը գտնվում է հանգստի շրջանում:
Կամելիա
Կամելիան սենյակային ամենագեղեցիկ բույսերից է: Այն ծաղկում է նոյեմբերից մինչև մայիս` կախված տեսակից: Այս բույսը չափազանց քմահաճ է ջերմաստիճանի, լուսավորության և օդի խոնավության հարցերում: Կամելիայի սիրահարներին մեծ համբերություն է պահանջվում:
Լեռնավարդ
Լեռնավարդը Չինաստանում և Ճապոնիայում երկար և հաջող կյանքի խորհրդանիշ է համարվել, իսկ վերջին ժամանակները Եվրոպայում այն սկսել են բնակարանին երջանկություն բերող բույս համարել: Լեռնավարդը ծաղկում է հոկտեմբերից մինչև ապրիլ, այսինքն հենց ձմեռային տոների ընթացքում: Այժմ այս գեղեցիկ ծաղկող բույսերը մեծ ժողովրդականություն են վայելում: Հայտնի է այս բույսի ավելի քան 500 տեսակ: Լեռնավարդը ցանկալի է լուսավոր, զով, առանց ուղիղ արևի ճառագայթների որևէ վայրում դնել: Այս բույսը չի կարողանում կենտրոնական ջեռուցման մարտկոցների հարևանությամբ գտնվել, քանի որ ծաղիկները սկսում են թոշնել, իսկ տերևները` թափվել: Բոլոր կանոններին հետևելու դեպքում այս բույսերն, անկասկած, չեն հիասթափեցնի: Իսկ համապատասխան լուսավորության բացակայության դեպքում կոկոններն, ուղղակի, կարող են չբացվել:
Պարսկական ցիկլամեն
Ցիկլամենը ձմռանը ծաղկող ամենագեղեցիկ բույսերից է: Ծաղկում է հոկտեմբերից մինչև մարտ: Բույսը ցանկալի է ձեռք բերել աշնանը, այլ ոչ թե ձմռանը` ընտրելով այնպիսին, որի վրա կոկոնները շատ են: Այս բույսը հարկավոր է զով պայմաններում պահպանել (15-18 ջերմաստիճան): Իսկ եթե սենյակում շատ տոթ է, ապա հարկավոր է ծաղկամանի տակ պարբերաբար սառույցի կտորներ դնել:
Բեգոնիա
Բեգոնիան բոլորի կողմից սիրված բույսերից է և գնահատվում է իր գեղեցկության և ծաղիկների հարստության շնորհիվ: Այն ձմռանն է ծաղկում, իսկ որոշ տեսակներ ճիշտ պայմաններում կարող են անդադար, մի քանի ամիս շարունակ ծաղկել: Բեգոնիայի տերևներն ամբողջովին միագույն չեն, դրանք հիմնականում շատ բազմազան ու բազմերանգ են. մուգ կանաչ՝ բաց կանաչավուն երակներով, բոսորագույն՝ արծաթագույն կարմիր երանգով և այլն: Տերևի արտաքին տեսքը նույնպես միաձև չէ. այն ասիմետրիկ է և տարբեր տեսակների մոտ տարբեր արտաքին ունի՝ ալիքաձև կամ կտրտված: Ծաղիկները տարբեր տեսակների մոտ կիսալիաթերթ են կամ լիաթերթ` բազմերանգ գույներով:
Սոխուկավոր բույսեր
Ձմռանը ծաղկող բույսեր աճեցնելն այնքան էլ բարդ չէ, եթե նախընտրեք այնպիսի սոխուկային բույսեր, ինչպիսիք են` հակինթը (հիացինտ), քրքումը, նարգիզը, վարդակակաչը, հիրիկը և այլն: Սակայն հարկավոր է ձեռք բերել այնպիսի սոխուկներ, որոնք հատուկ նախատեսված են ավելի վաղ ծաղկելու համար: Այս բույսերը տնկելու համար լավագույն ժամանակաշրջանը սեպտեմբերն է: Տաք բնակարանի պայմաններում սոխուկները սկսում են զարգանալ, սակայն, որպեսզի դրանք ծաղկեն, անհրաժեշտ է որոշ ժամանակ սոխակները զով պայմաններում պահել: Վաճառքում կան նաև արդեն անհրաժեշտ ջերմաստիճանի պայմաններում պահված պատրաստի սոխուկներ: Դրանց սաղմնային ծաղիկն արդեն բավականաչափ զարգացած է:
Որպես կանոն, մեծ չափի սոխուկները նաև խոշոր ծաղիկներ են խոստանում: Սոխուկները տնկելուց հետո ծաղկամանը հարկավոր է որևէ մութ սենյակում պահել, մինչև այն սկսի ծիլ տալ: Այս բույսերը հարկավոր է պարբերաբար ջրել: Երբ բույսերի երկարությունը 2,5 սմ հասնի, ապա դեկտեմբերի 1-ից ոչ ուշ դրանք հարկավոր է լուսավոր սենյակ տեղափոխել: Սոխուկներից ակտիվորեն կսկսեն տերևներ աճել, իսկ որոշ ժամանակ անց կսկսեն կոկոններ աճել: Բոլոր կանոններին ճիշտ հետևելու դեպքում, տոների ընթացքում, արդեն կարող եք գեղեցիկ ծաղկած բույսեր կամ, նույնիսկ, ծաղկեփունջ ունենալ:
Հակինթ (հիացինտ)
Ձմռանն այս գեղեցիկ բույսի ծաղիկների նուրբ հոտը վայելելու համար խորհուրդ է տրվում ճիշտ ժամանակին զբաղվել դրանց խնամքով:
Հակինթն ունի միաթերթ և լիաթերթ, զանգակաձև, բուրավետ, տարբեր գույնի ծաղիկներ, որոնք խիտ կամ նոսր դասավորված տերևներ ունեն ` շրջապատված ծաղկակոթունի վրա։
Հիպեաստրում
Այս բույսը հաճախ սենյակային շուշան են անվանում: Այս գեղեցիկ սոխուկավոր բույսերը կարող են ծաղկել Սուրբ Ծննդի և Ամանորի նախաշեմին կամ մի փոքր ավելի ուշ` կախված սոխուկը տնկելու ժամանակից:
Եթե նոյեմբերին սոխուկը տնկեք, ապա Ամանորի նախաշեմին այն կարող է հիացնել իր գեղեցկությամբ: