Հովտաշատի գյուղապետը մարտական է տրամադրված
Արարատի մարզի Հովտաշատ գյուղում կրքերը երեկ հանդարտվել էին, բայց չէին մարել։ Հիշեցնենք նախապատմությունը․ նախօրեի վաղ առավոտյան մի խումբ հովտաշատցիներ իրենց մեքենաներով ներխուժել էին Գագիկ Ծառուկյանին պատկանող ձկնաբուծարանի տարածք, բռնի ուժով լճերից մի քանի ավտոմեքենա ձուկ էին հանել ու հայտարարել, թե դրանք գյուղի հողերն են՝ «մեր տարածքում աճեցրած ձկները մերն են, եկել ենք տանենք»։ 70 հոգով հինգ-վեց հոգու դեմ դուրս եկած հովտաշատցիները վեճ էին սարքել, հրմշտել ու քաշքշել ձկնաբուծարանի աշխատակիցներին։ Իրավիճակն ավելի էր լարվել, երբ դեպքի վայր էր ժամանել Գագիկ Ծառուկյանին պատկանող «Կենտրոն» հեռուստաընկերության նկարահանող խումբը։ Հովտաշատցիները հարձակվել էին նկարահանող խմբի վրա, հարվածել ու հայհոյել լրագրողին եւ օպերատորին, վնասել տեսախցիկը:
Լրատվամիջոցի նկատմամբ բռնության փաստը ստվերեց միջադեպի բուն պատճառը, ու այդպես էլ պարզ չդարձավ, թե ովքեր եւ ինչու էին ներխուժել ուրիշի սեփականություն հանդիսացող տարածք, ինչու էին նման հայտարարություններ անում, եւ ինչով էին զբաղված ոստիկանները, որ չէին կանխել ու զբաղվել ներխուժողներով։
Հովտաշատում ձկնարտադրությամբ զբաղվող «ՌԱՊՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, իրականում, պատկանում է «Մուլտի գրուպ» ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանին, համենայնդեպս՝ ԱՆ պետռեգիստրում գրանցված է նրա անունով։ Նա 2016 թվականից հանդիսանում է ընկերության 100 տոկոսի բաժնետերը։ Իսկ «զավթիչները» Հովտաշատի գյուղապետ Հովիկ Թադեւոսյանի մտերիմ-բարեկամներն էին, որոնք տարածք էին ներխուժել գյուղապետի գլխավորությամբ։
Երեկ Հովիկ Թադեւոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքն է այդ տարածքի առնվազն 50 տոկոսի սեփականատերը, եւ որ 3 տարի առաջ՝ 2016-ին, Գագիկ Ծառուկյանն իրեն համոզել է, թե խնամու՝ Հովիկ Աբրահամյանի հետ «լուծելու հարցեր» ունի, ու մի ամսով ինքը կդառնա ամբողջ ընկերության բաժնետերը, հետո նորից կվերադառնան 50/50-ի փայատիրությանը։ Գյուղապետի պատմելով՝ շուրջ 3 տարի է անցել, եւ ինքը մեկ տարի է՝ փորձում է հետ վերցնել իր սեփականությունը, բայց՝ ապարդյուն։
«ՌԱՊՍ» ՍՊԸ-ն 2006-ի ապրիլին հիմնադրել են ռուսաստանցի Ռաֆայել Սարկիսյանն ու երեւանցի Արման Շահբազյանը: Նույն տարվա օգոստոսին Սարկիսյանին փոխարինել է երեւանցի Կարեն Շահբազյանը, ով Արարատի մարզի Հովտաշատ համայնքի ղեկավար, ԲՀԿ-ական Հովիկ Թադեւոսյանի քրոջ որդին է: 2010-ի մարտին Շահբազյաններն իրենց բաժնեմասերը հանձնել են գյուղապետ Թադեւոսյանին, այն ժամանակ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եղբայր Հենրիկ-Ջոնիկի որդուն՝ Հովհաննես Աբրահամյանին, եւ Գագիկ Ծառուկյանին: 2016-ին Թադեւոսյանն ու Աբրահամյանը դուրս են եկել ՍՊԸ-ից, սեփականատեր է դարձել «Մուլտի գրուպի» գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը:
«Մուլտի գրուպ» ընկերությունից վերահաստատեցին, որ 2016թ. մայիսից «Մուլտի գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը «ՌԱՊՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում պետական գրանցման N 77.110.00952, գտնվելու վայրը՝ ՀՀ Արարատի մարզ, գյուղ Հովտաշատ) միակ մասնակիցը եւ ընկերության կանոնադրական կապիտալում 100 % բաժնեմասի սեփականատերն է: Հովտաշատի գյուղապետի հայտարարությունն էլ որակեցին որպես վառ երեւակայության արդյունք։
Թե ինչպես է այս գործարքը կայացել, ու ինչու է Թադեւոսյանը 3 տարի անց որոշել բարձրաձայնել, որ իրենից խլել են իր բաժնեմասը, գյուղապետը չկարողացավ հոդաբաշխ բացատրություն տալ։ Կցկտուր ասաց, թե, իբր, այդ ժամանակ խնամիներով իրար հետ հարց ունեին լուծելու, ու այդպես է պետք եղել գրանցել․ «Որպեսզի իրանք խնամիներով իրար հետ հարց չունենային, ասեց՝ լրիվ իրանց անունով ձեւակերպենք, հետո կդարձնենք 50/50, բայց մինչեւ էսօր էլ չի դարձնում, ու մենք արդեն մի տարի է՝ այդ պրոցեսի մեջ ենք, ուզում ենք հետ վերցնել, բայց՝ ապարդյուն։ Աշխատում ենք հանրապետության բոլոր իրավապահների հետ, սրանից ավել չեմ կարող ասել»։ Թե ինչու է իշխանափոխությունից հետո որոշել պայքարել իրենից «խլված» սեփականությունը հետ բերելու համար, ասաց, որ հեղափոխությունից հետո դուխովացել է. «Ընենց չի, որ հավ ենք եղել։ Էն ժամանակ ուրիշ էր, իրանք շատ հզոր էին, հաստատ՝ կխլեին վերջնական»։
Հարցրինք՝ ունի՞ արդյոք փաստական ապացույցներ, գուցե՝ գրավոր պայմանագիր, ձայնագրություն, որոնք կապացուցեն, որ 3 տարի առաջ ժամանակավոր են իրեն դուրս թողել բաժնետերերի ցանկից, եւ իրեն վերականգնելու պայմանավորվածություն է եղել, այլապես կարող ենք կասկածել, որ փորձում է իշխանության հովանավորչությամբ տիրանալ ուրիշի սեփականությանը, իշխանությունն էլ իր միջոցով ուզում է ճնշել Ծառուկյանին։
Գյուղապետը վստահեցրեց, որ ունի ապացույցներ, որոնց մասին ավելի ուշ կհայտարարի։ Հետաքրքրվեցինք նաեւ՝ ճնշման տա՞կ են իրեն պարտադրել փոխանցել իր 50 տոկոսը, թե՞ իր հոժար կամքով է տվել։ Ասաց՝ այս պահին չեմ ցանկանում այդ հարցերի մասին խոսել․ «Ինչքան իրավապահ կա հանրապետությունում, բոլորի միջոցով պայքարելու ենք, որ հարցը լուծվի»։ Հարցրինք՝ մարզում խոսում են, որ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն է գյուղապետին Ծառուկյանի դեմ հրահրողներից մեկը, ճի՞շտ է։ Թադեւոսյանը փոքրիկ դադար վերցրեց ու պատասխանեց․ «Ես մարզպետի հետ չեմ շփվել»։
Նշենք, որ Սեդրակ Առուստամյանի աշխատակիցները ներխուժելու փաստով ահազանգել են ոստիկանություն, ոստիկանությունից փոխանցեցին, որ նյութեր են նախապատրաստում։
Գյուղապետը չցանկացավ մեկնաբանել, թե ինչու են ինքը եւ իր կողմնակիցները խոչընդոտել լրագրողների մասնագիտական գործունեությանը։ Հիշեցնենք, որ այս մասով քրեական գործ է հարուցվել՝ ՔՕ 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը: