Հեղափոխությունից առաջ և հետո
Հեղափոխությունը սիրահարվածության նման մի բան է: Այդ պահին մարդիկ գործում են ավելի շատ զգացմունքներով, քան՝ գիտակցությամբ: Հաջողության հասնելու տեսլականը մարդկանց մղում է աներեւակայելի զոհողությունների ու նվիրվածության, նույնիսկ՝ խելագարության:
Բայց հեղափոխությունը կամ սիրահարվածությունը վերջանում է, երբ պսակվում է հաջողությամբ: Հեղափոխականը տիրում է իշխանության գահին, սիրահարվածը՝ սիրեցյալին, ու… սկսվում է կյանքը՝ իր հազար ու մի վայրիվերումներով եւ մարտահրավերներով: Տուժում են նրանք, որոնց մոտ երկարաձգվում է հեղափոխական գործընթացը։ Այլ կերպ ասած՝ ուշանում է կյանքը:
Յուրաքանչյուր հեղափոխություն, հաջողելուց հետո, հայտնվում է ջրապտույտի մեջ: Կա՛մ նոր ղեկավարներն ունենում են հստակ ծրագիր եւ արագ անցնում են գործի, կա՛մ էլ՝ մթնոլորտը թեժ պահելու համար, մերթընդմերթ հայտարարում են նորանոր հեղափոխությունների մեկնարկ՝ տնտեսական հեղափոխություն, մշակութային, վարչական եւ այլն:
Համենայնդեպս, հեղափոխությամբ գահին տիրացողների մոտ սկսվում է տագնապ: Մի կողմից՝ նոր իրավիճակի ծանրությունը, մյուս կողմից՝ իրենց աջակիցների սպասումները: Եթե դրան ավելացնենք նաեւ նոր ղեկավարների ոչ արհեստավարժ լինելը, կարող ենք ենթադրել, թե նրանք ինչպիսի անելանելի վիճակում են հայտնվել: Հոգեբանական այդ պարապության մեջ առաջնորդը, որը հեղափոխությունը սկսելու պահին օժտված էր քաջությամբ ու համառությամբ, ապրում էր պարզ ու հասարակ կյանքով եւ սիրված էր համարյա բոլորի կողմից, նկատելով իր օրըստօրե հեղինակազրկումը, սկսում է մտածել դիրքերն ամրացնելու մասին: Եվ ինչ-որ սատանայական նախախնամությամբ, այդ նույն հատկանիշները դառնում են գործիք՝ նրան բռնակալ դարձնելու համար: Հատկապես, որ ուժը ծնում է նոր կարգավիճակ: Դժվար թե մեկը կարողանա դիմանալ այդ գայթակղությանը: «Ասֆալտին կփռեմ, պատերին կծեփեմ, թաթիկները կկտրեմ, կոչնչացնեմ» արտահայտություններն այդ հոգեվիճակի արտաթորանքն են: Նույն ճամփով են անցել բոլոր նախկին սիրված հեղափոխականներն ու հետագայում մերժված բռնակալները:
Ադոլֆ Հիտլերի սիրվածության աստիճանին դեռ ոչ մի եվրոպացի ղեկավար չի հասել: Նա համառ էր, անզիջող, պայքարի ունակ, աշխատասեր, սիրում էր բնությունն ու կենդանական աշխարհը, բուսակեր էր, պարզ հագուկապով եւ կենցաղավարությամբ ապրող մարդ: Ամբողջ Գերմանիայում չուներ եւ չունեցավ ոչ մի սեփական կալվածք, նույնիսկ սեփական ավտոմեքենա չուներ: Այդ բոլորը դարձան ատաղձ, որպեսզի ամբոխը նրան դարձնի աշխարհի թիվ մեկ բռնակալն ու խելագարը:
Ֆրանսիայի ազգային հերոս Շառլ Դը Գոլը դեռեւս Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին կազմեց ու գլխավորեց ֆրանսիացիների ազգային լեգեոնը՝ Ալժիրում, եւ հաղթական մտավ Փարիզ: 1960 թվականին նա բարձր ցուցանիշներով ընտրվեց Ֆրանսիայի նախագահ: Իր ղեկավարության տարիներին նշանակալից ծրագրերի ու քաղաքական ծանրակշիռ գործերի հեղինակ դարձավ: Վայելում էր ոչ միայն ֆրանսիացիների, այլեւ համայն եվրոպացիների համակրանքն ու աջակցությունը: Սակայն, այդ բոլորով հանդերձ, որպես անհատականություն՝ զերծ չմնաց այդպիսի հոգեվիճակին հատուկ ինքնամեծարման ախտից, որը երեւան է գալիս նման մարդկանց մոտ: Եվ թույլ տվեց ճակատագրական սխալ. իշխանությունը կենտրոնացրել էր իր ձեռքում, այդ նպատակով նախաձեռնել էր սահմանադրական փոփոխություններ: Դա ընդդիմության մոտ բողոքի ալիք էր բարձրացրել:
Մի առիթով, իր ելույթներից մեկում, նա ասաց. «Ես Ֆրանսիան եմ…»: Այս արտահայտությունը կարող է ամենեւին էլ սխալ չհամարվել մեր նման հասարակությունների համար, բայց ո՛չ Ֆրանսիայի ժողովրդի կամ ֆրանսիական մտավորականության համար: Եվ այդտեղից սկսվեց նրա անկումը: Մտավորականությունն ահազանգեց. «Բռնության հոտ ենք առնում… Պետք է օր առաջ սանձել այս մարդուն»: Ամեն տեղ լսվեցին ընդդիմության բողոքի ձայները: Նա իր ընդդիմախոսներին սպառնաց հանրաքվեով լռեցնել: Դը Գոլը շատ վստահ էր իր ուժերի վրա, քանզի շատ կարճ ժամանակ առաջ էր խոշոր հաշվով վերընտրվել: Ընդդիմությունը միաձայն ընդունեց նրա մարտահրավերը: 1969 թվականին հանրաքվեն կայացավ: Ֆրանսիայի ժողովուրդն իր ապագայի նկատմամբ ցուցաբերեց բարձր պատասխանատվություն: Այլեւս «խելագարված ամբոխների» ժամանակները՝ առնվազն Ֆրանսիայի նման երկրի համար, անցել-գնացել էին: Հանրաքվեի արդյունքում, ի զարմանս շատերի եւ մանավանդ հենց իրեն, Դը Գոլի առաջադրած սահմանադրական փոփոխությունները մերժվեցին: Նա հրաժարական տվեց ու ընդմիշտ հեռացավ քաղաքականությունից: Թերթերն աշխարհով մեկ գրեցին. «Կեցցե՛ Ֆրանսիան, կեցցե՛ Դը Գոլը…»։ Եվ այդպիսով կանխվեց Եվրոպայի կենտրոնում գլուխ բարձրացող նոր բռնապետության ստեղծումը:
Աշխարհի եւ ոչ մի հասարակության մեջ չկան հրեշտակներ ու սատանաներ: Ամեն մարդ էլ հակված է սատանայական արարքների: Եթե հասարակությունը հավատաց հրեշտակի գոյությանը, ուրեմն այդ հրեշտակն անխուսափելիորեն վերածվելու է սատանայի… Ժողովրդի կույր հավատքը դրան է տանելու:
Հեղափոխությունների առաջնորդները սկզբնական շրջանում միշտ լինում են համառ, քաջ, ազնիվ, անկաշառ եւ, որ ամենակարեւորն է՝ սիրված… Բայց սրանք հենց այն հատկանիշներն են, որ նրան դարձնելու են բռնակալ։ Մարդկանց հրեշտակների ու սատանաների, սեւի ու սպիտակի բաժանող անհեռատես քաղաքականությունը հենց դրան է հանգեցնելու:
Որեւէ ցույց կամ հակակառավարական միջոցառում որակվում է որպես հեղափոխությանն ընդդիմանալու փորձ կամ հակահեղափոխականների ռեւանշ, նախորդ իշխանավորների հրահրած ըմբոստություն, պաշտոնը կորցրած չինովնիկների դժգոհություն եւ այլն: Եվ ոչ մի ակնարկ իրենց թույլ տված սխալների մասին կամ ընդդիմախոսների բողոքների իրավացիության վերաբերյալ: Սրանք նոր բռնության երեւան գալու առաջին նախանշաններն են:
Իսկ մենք ինչքանով ենք պատրաստ, որպեսզի առաջին իսկ նախանշանները տեսնելուն պես ահազանգենք եւ կանխենք այն ամենը, որ գալու է մեր գլխին: Կարո՞ղ է մտածում ենք, թե «մերն ուրիշ է»: Հենց այստեղ է պետք խիստ զգոն լինել:
Չե՞նք տեսնում հասարակությանը երկփեղկելու եւ ամեն ինչ իրենցով անելու դանդաղ գործընթացը: Ընդամենը մեկուկես տարի առաջ սկսված եւ ժամանակի իշխանավորների հանդուրժողականությունը վայելած, խաղաղ ու անվտանգ ճանապարհով քայլելով՝ հասել են մի տեղ, ուր այլեւս գլուխները կորցրած՝ հանդգնում են ձեռնոց նետել իրենց ապուպապերից էլ առաջ, հազար ու մի արհավիրքների միջով անցած քայլողներին:
Դատական բարեփոխումների անվան տակ առաջ են տանում թիրախավորված անհատներին մեկառմեկ չեզոքացնելու քաղաքականությունը: Զուգահեռաբար, ջրիկ մեկնաբանություններով իրենց բարի կամեցողություններն են շարադրում՝ որպես արդարադատության եւ ժողովրդավարության երաշխիք: Բոլոր իշխանատենչ ղեկավարների նման, միամիտ մասսաներին իրենց կողմը քաշելու եւ սիրաշահելու համար դիմում են ամեն միջոցի: Դրա վառ օրինակն էր 14 միլիարդ տուգանքների անօրինական ներումը, որը կատարվեց իրավախախտ վարորդների նկատմամբ՝ նրանցից «խելագարված ամբոխ» ստանալու մտադրությամբ: Նույն նպատակով շարունակում են ժողովրդին հրամցնել վիճակագրական այնպիսի ցուցանիշներ, որոնց հավատալու դեպքում պիտի համոզվենք, որ մենք շատ շուտով դառնալու ենք աշխարհի ամենահարուստ, առողջ ու երջանիկ ժողովուրդը:
Պետք է օր առաջ ցույց տալ նրանց իրենց ճիշտ տեղը, քանզի վաղն այլեւս ուշ կլինի…