Հասարակության մեջ մեծ է հիասթափության ալիքը․ օգտագործելու ենք օրենքով սահմանված բոլոր գործիքակազմերը, որոնք հնարավորություն կտան երկրում իրավիճակ փոխել. Շաքե Իսայան

Մեր մոտեցումներում որևէ փոփոխության մասին խոսք լինել չի կարող, և բոլոր այն թեզերը, որոնք նախկինում հնչեցրել ենք, մեր պահանջները մնում են նույնը, քանի որ, ցավոք, երկրում ոչինչ չի փոխվել, ավելին՝ համաքաղաքացիների խնդիրները ավելի են շատացել՝ կապված տարբեր սոցիալ-տնտեսական խնդիրների հետ, նաև համավարակով պայմանավորված: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը՝ անդրադառնալով ԲՀԿ-ի գործունեությանը:

Այնպես չէ, որ մենք չարախնդում ենք, որ այդ խնդիրները կան, այլ ցավոք սրտի ենք դրանք մատնանշում, որ մեր քաղաքացիների խնդիրները լուծվեն, սակայն դրան հակառակ տեսնում ենք, որ այդ խնդիրների լուծումներն առաջ չեն շարժվում: Մեր կուսակցությունում այս օրերին տարածքային կառույցները թարմացվում են, ավելի նոր կազմով ենք համալրվում, Գագիկ Ծառուկյանը, պատգամավորները հանդիպումներ են ունենում տարածքային կառույցների ներկայացուցիչների հետ, ներկայացվում են մարզերում առկա խնդիրները, որոնք հիմնականում կապված են գյուղացիների վարկավորման հետ»,-ասաց նա և նշեց, որ հանդիպումների շարքը շարունակվելու է:
«Առաջիկայում նախատեսված քայլերի մասին մենք կտեղեկացնենք, որևէ քայլ մենք ծածուկ չենք անելու, մի բան կարող եմ հստակ ասել, որ օգտագործելու ենք օրենքով սահմանված բոլոր այն գործիքակազմերը, որոնք հնարավորություն կտան երկրում իրավիճակ փոխել: Թե ինչպիսի հերթականություն կլինի քայլերի, այս պահին չեմ կարող ասել, առաջիկայում այդ մասին կհայտարարվի»,-ասաց նա:

Շաքե Իսայանը նշեց, որ շատ խնդիրներ կան, որոնց պատասխանները ո’չ օրենսդիր մարմնի ներկայացուցիչները, ո’չ քաղաքացիները չեն ստացել: «Ամեն օր մեզ դիմում են ամենատարբեր հարցերով՝ սկսած կրթությունից, վարկերից, դրանից կարելի է ենթադրել, որ, այո, հասարակության մեջ մեծ է հիասթափության ալիքը»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է այլ քաղաքական ուժերի հետ համագործակցությանը, պատգամավորն ասաց, որ համագործակցությունն իր հունով գնում է տարբեր հարցերի շուրջ, սակայն այս պահին կոնկրետ քայլերի մասին ևս չկարողացավ հայտնել:
Անդրադառնալով այն շահարկումներին, թե ԲՀԿ-ն հետքայլ է կատարում իր պահանջներից` Շաքե Իսայանն ասաց, որ իր համար հասկանալի կոնկրետ շրջանակներ են այդ թեզը շրջանառում: «Ես նույնիսկ ճիշտ չեմ համարում ավելորդ ջանք ու ռեսուրս ներդնել այս լուրը հերքելու մեջ, ես կարծում եմ, որ դրա լավագույն ապացույցը գործը կլինի, և մենք շարունակելու ենք բոլոր խնդիրները բարձրաձայնել»,-ասաց նա և նշեց, որ գուցե լինեն հանրահավաքներ, բողոքի ակցիաներ, օրենսդրական նախաձեռնություններ առաջիկայում, որոնց նախատեսելու պարագայում կհայտարարեն:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )