Կամ Ռուբեն Հայրապետյանը պետք է պատժվի ստելու համար, կամ Խաչատուր Սուքիասյանը՝ հարկերը չվճարելու

Ռուբեն Հայրապետյանի երեկ տված հարցազրույցը նման էր անամպ երկնքում պայթած ամպրոպի։ Նա բացեց փակագծեր, արեց բացահայտումներ, հնչեցրեց մեղադրանքներ։ Ընդ որում, դրանք շատ էին եւ դրանցից յուրաքանչյուրը մարտահրավեր էր՝ ուղղված ինչ որ մարդկանց եւ յուրաքանչյուրն առանձին վերցրած արդեն աղմուկի լուրջ պատճառ կարող էր դառնալ։ Իսկ այսպես՝ փաթեթային դա նման էր այն տեսարանին երբ ամբարտակը միանգամից փլվում է եւ իր հետ քշում-տանում ամեն ինչ։ Պարզ էր, որ հասցեատերերն արձագանքելու են եւ փորձելու են նախ հերքել Նեմեցի ասածները, ապա՝ վարկաբեկել նրան եւ մեղադրել ստախոսության մեջ։ Եւ եթե որոշ հատվածներում մենք այդպես էլ չենք իմանա՝ ով է ճիշտ խոսում, ով՝ խաբում, քանի որ տետ-ա-տետ խոսակցությունները, երկու մարդու մեջ տեղի ունեցած իրադարձությունները ապացուցելը բարդ է եւ մարդիկ ուղղակի հավատալու են խոսողներին։ Ընդ որում՝ ամեն մեկն ըստ ճաշակի։ Ասենք, Անդրանիկ Քոչարյանին վստահողները նրա ասածն են հիմք ընդունելու, Ռուբեն Հայրապետյանին վստահողները՝ նրանը։
Բայց մի քանի բան, այնուամենայնիվ, ենթակա է ապացուցման։ Օրինակ, Բջնի գործարանի վճարած հարկերի հատվածը։ Եթերում Ռուբեն Հայրապետյանը մի թուղթ ցուցադրեց, որտեղ նշված էր, թե իրենից առաջ Բջնին ինչքան հարկ է վճարել։ Առնվազն երկու տարի դա զրո էր՝ ըստ այդ ցուցակի։ Այսօր Խաչատուր Սուքիասյանը հայտարարեց, որ դա սուտ է։ Թերեւս, բարդ բան չէ, որ հարկայինը հստակ տեղեկանք տրամադրի հանրությանը, թե որն է իրականությունը՝ վճարե՞լ է արդյոք Սուքիասյանը 2008 թվականից առաջ հարկեր, եթե վճարել է՝ ինչքան։ Գոնե այս մասով հանրությունը, որը պահանջում է նախկին հանցագործությունների բացահայտում եւ բոլոր մեղավորների արդար պատիժ՝ սկսած 1991 թվականից, իրավունք ունի իմանալու, թե որքանով են հավաստի Հայրապետյանի պնդումները եթերում։ Մեզ հենց այսպիսի լյուստրացիաներ են հարկավոր, որը կապացուցի, որ իշխանությունը հավասար վերաբերմունք ունի բոլոր գործարարների եւ բոլոր հանցագործությունների հանդեպ։ Եւ կհերքվեն այն կասկածները, որ Սամվել Ալեքսանյանը, Խաչատուր Սուքիասյանը եւ Արտակ Սարգսյանը յուրային բիզնեսմեններ են, իսկ Ռուբեն Հայրապետյանը, Սուրիկ Խաչատրյանը, Գագիկ Խաչատրյանը, Բարսեղ Բեգլարյանը եւ էլի ինչ որ մարդիկ թշնամի են՝ սեւ, հակահեղափոխական եւ պետք է պատժվեն։ Ընդ որում՝ պատժվեն եւ սեփական արարքների, եւ յուրային հռչակված բիզնեսմենների արածների համար, որ հանրության՝ վրեժի զգացումը բավարարվի։
Հ․Գ․ Իսկ եթե պարզվի Հայրապետյանը ստում է կամ, ինչպես ընդունված է ասել, մանիպուլացնում է փաստերը, ապա նա եւս պետք է պատասխան տա՝ կեղծիքի եւ հանրությանն ապակողմնորոշելու համար։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )