Ծերերի ու հաշմանդամների տնային խնամքի գումարը երեք անգամ կրճատել են
«Տնային պայմաններում միայնակ տարեցների եւ հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոն» ՊՈԱԿ-ը վերակազմավորման փուլում է: 2019 թվականին այն սպասարկել է 1350 հոգու, 1748 տարեցների էլ սպասարկել է «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությունը:
Այժմ նույն գործառույթները կատարելու են այլ կազմակերպություններ, որոնք ընտրվելու են մրցույթով: Մեկ տարեց մարդուն կամ հաշմանդամին խնամելու համար պետությունը նախկինում տրամադրում էր 900-1000 դրամ: Այսօր մեկ տարեցի խնամքի համար տրամադրվող գումարը գրեթե 2,5-3 անգամ կրճատել են:
Հարցին, թե որքան գումար է այսօր հատկացվում մեկ մարդու խնամքի համար, եւ ինչ է ներառում այն, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից պատասխանեցին. ««Տնային պայմաններում միայնակ տարեցների եւ հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոն» ՊՈԱԿ-ին մեկ շահառուի հաշվով մեկ օրվա նախատեսված գինը կազմում է 375 դրամ: Այն իր մեջ ներառում է կազմակերպության աշխատողների աշխատանքի վարձատրությունը, էներգետիկ ծառայությունները, կոմունալ ծառայությունները, կապի ծառայությունները, գույքի եւ սարքավորումների վարձակալությունը, մեքենաների եւ սարքավորումների ընթացիկ նորոգումը եւ պահպանումը, գրասենյակային նյութերը եւ այլ ծախսեր»: Նախկինում էլ այս ծառայությունը հեռու էր կատարելությունից: Իսկ թե ինչ է խնամքի փոխարեն ստանալու խեղճ միայնակ ծերը կամ հաշմանդամը այդ 375 դրամի սահմաններում, երեւակայելը բարդ է: Ամենայն հավանականությամբ, խնամք ասվածն այս դեպքում ձեւական բնույթի է լինելու, իսկ գումարները պարզապես փոշիացվելու են:
Մալաթիա-Սեբաստիա համայնքի Անդրանիկի 74 հասցեում տեղակայված ՊՈԱԿ-ում ճամպրուկային տրամադրություն է: Նախկինում 200-ից ավելի աշխատող ունեցած ՊՈԱԿ-ը սպասարկելու է միայն այս համայնքի ծերերին եւ, բնականաբար, ունենալու է անհամեմատ ավելի քիչ աշխատող:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից մեզ հայտնեցին, որ «Տնային պայմաններում միայնակ տարեցների եւ հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից կսպասարկվի 200 շահառու, որոնք հանդիսանում են Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչներ: Իսկ, ընդհանուր առմամբ, 2020 թվականին տնային պայմաններում 3 հազար 260 միայնակ տարեց է խնամք ստանալու․ 1950 հոգի՝ Երեւանում եւ 1310-ը` մարզերում: Թե որ կազմակերպություններն են դա անելու, առայժմ հայտնի չէ: «Հայտարարվել է մրցույթ՝ տնային պայմաններում սպասարկում իրականացնելու համար: Մրցույթում հաղթած կազմակերպությունը տնային պայմաններում խնամքի եւ սոցիալական սպասարկման ծառայություններ կմատուցի Երեւանում (բացառությամբ Մալաթիա-Սեբաստիա համայնքի) եւ հանրապետության 10 մարզերում բնակվող 3 հազար 60 շահառուի»,- պատասխանում է նախարարության խոսնակը:
Նա ընդգծում է, որ 2020 թվականին տնային խնամքի ծառայություններ կտրամադրվեն 3 հազար 260 անձի, մինչդեռ այս տարի խնամվողները 3 հազար 98 հոգի են եղել: «Շահառուների թվի ավելացումը պայմանավորված է փաստացի սպասարկվողների թվի պակաս լինելով եւ փոխարենը հանրապետության 4 մարզերում, որտեղ որեւէ ծառայություն չկա, եւս տնային խնամքի ծառայություններ ներդնելով»: Վայոց ձորի, Տավուշի, Արմավիրի եւ Արագածոտնի մարզերում որեւէ ծառայություն չկա: Այստեղ շահառուների թիվը մոտավորապես է հաշվարկվել՝ հաշվի առնելով մյուս մարզերի շահառուների համամասնությունը եւ յուրաքանչյուր մարզում տարեց բնակչության առկա թիվը:
