Լուկաշենկոն հրամայել է արգելել համավարակի ժամանակ երկիրը լքած բելառուսների մուտքը երկիր
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սահմանապահներին հրամայել է թույլ չտալ երկիր վերադառնալ այն քաղաքացիներին, որոնք Բելառուսը լքել են համաճարակի ժամանակ: Ավելի վաղ նա խոստացել էր նաև երկիր չթողնել կորոնավիրուսի դեմ պայքարելու համար Լեհաստան մեկնած բժիշկներին: Այս մասին գրում է Коммерсантъ պարբերականը:
«Սահմանապահ զորքերի հրամանատարին հրամայել եմ թույլ չտալ երկիր մուտք գործել ոչ միայն այլ երկրների անձնագրերով մարդկանց, այլև այն «խելացի» բելառուսներին, որոնք լքել են մեր երկիրը այս դժվար պահին: Մեզ մոտ սրիկաներ բերել պետք չէ, և կապ չունի, թե նրանք ինչ անձնագիր ունեն: Գնացել են այնտեղ սովորելու` թող սովորեն, աշխատելու` թող աշխատեն: Թող աշխատեն այնտեղ և բուժվեն»,- ասել է Լուկաշենկոն վիրուսային վարակների տարածմանը հակազդելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ հանդիպման ժամանակ:
Նախագահը նշել է, որ Բելառուսի որոշ քաղաքացիներ գալիս են հայրենիք` բուժվելու, որովհետև «դրսում այդ ամենը 10-15 անգամ ավելի թանկ է»:
Լուկաշենկոն նշել է նաև, որ արտասահմանցիներին երկիր չթողնելու որոշման հարցում «ոչ մի քաղաքականություն չկա», և որ դա արվում է` ելնելով համաճարակային իրավիճակից:
Հոկտեմբերի 29-ին Բելառուսն իր սահմանները փակել է Լատվիայից, Լիտվայից, Լեհաստանից և Ուկրաինայից ժամանող ֆիզիկական անձանց որոշ կատեգորիաների համար, իսկ նոյեմբերի 1-ից` բոլոր օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար: