Թուրքիան և Կատարը համաձայնության են եկել Քաբուլի օդանավակայանի համատեղ կառավարման շուրջ
Թուրքական և կատարական ընկերությունները Քաբուլի օդանավակայանի համատեղ կառավարումն իրականացնելու շուրջ համաձայնության են եկել։
Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը։
Այս հարցը Թալիբանի կառավարության ներկայացուցիչների հետ քննարկելու համար թուրքական և կատարական պատվիրակությունները մեկնել են Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլ։
Պաշտոնական այցով դեկտեմբերի սկզբին Կատար մեկնած թուրքական պատվիրակության և Կատարի միջև քննարկվել էր Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի օդանավակայանի հարցը։
Քաբուլի օդանավակայանի մասին լրագրողների հարցին ի պատասխան Թուրքիայի նախագահն ասել էր, որ Դոհա կատարած իր այցի օրակարգում եղել է նաև Աֆղանստանի օդանավակայանի համատեղ կառավարման թեման։
Կատարական և թուրքական կողմերը գտել են մասնավոր ընկերություններ, որոնք կզբաղվեն այդ հարցով։