Բերձորից հարավ-արևելք ընկած ճակատային գծում թշնամին ձեռնարկել է 2 հարձակում, որոնց ընթացքում կորցրել 5 տանկ, 2 ՀՄՄ և հետ շպրտվել ելման դիրքեր․ ՊԲ
Այսօր՝ ժամը 10:30-ի սահմաններում, Բերձոր քաղաքից հարավ-արևելք ընկած ճակատային գծի հատվածում թշնամական ուժերը զրահատեխնիկայի ներգրավմամբ նախաձեռնել են հերթական հարձակումը: Այս մասին հաղորդում է Արցախի ՊԲ-ն։
ՊԲ ստորաբաժանումները, անցնելով պաշտպանության, հստակորեն իրականացրել են առաջադրված մարտական խնդիրները և խոցելով հակառակորդի 3 տանկ կասեցրել վերջինիս հարձակումը:
Ժամը 12:55-ի սահմաններում թշնամին նույն ուղղությամբ ձեռնարկել է հերթական հարձակումը և, կորցնելով ևս 2 տանկ ու 2 հետևակի մարտական մեքենա, դարձյալ հետ է շպրտվել ելման դիրքեր:
Ճակատային գծի տվյալ հատվածում ներկա պահին մարտերը շարունակվում են: ՊԲ-ն վերահսկում է օպերատիվ-մարտավարական իրադրությունը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 46 քաղաքացիական անձ, վիրավորվել է 144 քաղաքացիական անձ։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։