Արտակ Զաքարյանն ուրախ է, որ Փաշինյանի կառավարությունն անշեղորեն իրականացնում է ՀՀԿ-ի ծրագրերը
Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը իր էջում Սերժ Սարգսյանի մասնակցությամբ մի տեսանյութ է հրապարակել ու կից գրառում արել, որով ակնարկում է, որ օրերս Հայաստան մտած ՏՈՐ-Մ2ԿՄ տեսակի նոր զինատեսակի ներկրման պայմանավորվածությունն ու բանակը նոր զինատեսակներով համալրելու ծրագիրը նախաձեռնել են դեռ իրենց իշխանության օրոք: Նա նաև ուրախ է, որ Փաշինյանի կառավարությունը չի շեղվում իրենց ծրագրից:
«Նիկոլ Փաշինյանը հպարտությամբ հայտարարեց (հրապարակելով ՖԲ իր էջում) ռուսական արտադրության հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ՏՈՐ-Մ2ԿՄ համակարգերով ՀՀ ԶՈՒ-ն համալրելու մասին: Սա կարևոր համալրում է: Տարիներ շարունակ, մեր զինված ուժերն ինտենսիվ կերպով համալրվել են տարբեր նշանակության սպառազինությամբ և տեխնիկայով:
Ուրախ եմ, որ գործող կառավարությունն անշեղորեն իրականացնում է ՀՀ զինված ուժերի արդիականացման և զարգացման՝ նախկինում մշակված ու հաստատված երկարաժամկետ ծրագիրը:
Բնականաբար հրապարակման ենթակա չէ, թե հաջորդ ձեռքբերումներն ինչ են լինելու: Միայն կարող եմ ասել, որ 2018-2024թթ. ԶՈՒ արդիականացման ծրագիրը ժամանակին ու պատշաճ կերպով իրականացնելուց հետո, մենք ունենալու ենք նոր որակի, ժամանակակից պաշտպանական ու հարձակողական կարողություններով համալրված ազգային բանակ:P.S.
Տոռ-Մ2ՄԿ զենիթահրթիռային համալիրը նախատեսված է կարևորագույն ռազմական ու պետական օբյեկտներն ուղղաթիռների և ինքնաթիռների հարվածներից, թևավոր, հակառադիոտեղորոշիչ ու այլ կառավարվող հրթիռներից, ավիառումբերից ու անօդաչու թռչող սարքերից պաշտպանելու համար։ Համակարգը օդային թիրախները հայտնաբերում է շուրջ 32 կմ հեռավորությունից, միաժամանակ կարող է հսկել մինչև 10 թիրախ ու միաժամանակ հարվածել մինչև 4 թիրախի»։