Արտակարգ դրությունն այլևս չի երկարաձգվի
Այսօր Ազգային Ժողովում քննարկվում էր «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին և այլ նախագծերի փաթեթը, որը հնարավորություն կտա առանց արտակարգ դրություն հայտարարելու համապատասխան որոշումներ անել՝ կապված կորոնավիրուսային իրավիճակի հետ:
ԱԺ-ն ընդունեց ներկայացված օրենքների փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ՝ կողմ 70, դեմ 19, ձեռնպահ 0 քվեարկությամբ:
Այսպիսով արտահերթ նիստի օրակարգը սպառվեց և ԱԺ-ն ավարտեց աշխատանքը:
Հիշեցնենք, որ Կառավարության հեղինակած օրենսդրական փաթեթով նախատեսվում է կարանտինային գոտում կիրառել մուտքի ու ելքի սահմանափակումներ` ընդհուպ մինչև պետական սահմանի փակում, տվյալ տարածքից ապրանքների ներմուծման ու արտահանման սահմանափակումներ, ինչպես նաև կրթական հաստատությունների փակում։
Տնտեսական գործունեությունը կարող է սահմանափակվել միայն այն դեպքերում, երբ այդ ձեռնարկությունները հանդիսանում են համաճարակի աղբյուր։
Պատասխանատվության միջոցներ են նախատեսված կարանտինի, մեկուսացման ու ինքնամեկուսացման ռեժիմների խախտման, անհատական պաշտպանության միջոցներ չկիրառելու համար։
Առավելագույն պատժաչափը` 500 000 դրամ, նախատեսվում է ձեռնարկության աշխատանքը կասեցնելու որոշումը երկրորդ անգամ խախտելու համար, այն դեպքում, երբ առաջին անգամ նույն խախտման համար նախատեսված է մինչև 300 000 դրամ տուգանք։
Առանց բժշկական դիմակի հանրային տարածքում լինելու համար տուգանքը կշարունակի մնալ 10 000 դրամ։
Զանգվածային միջոցառումների արգելքը խախտելը կարժենա 50-200 հազար դրամ։ Նույն չափով կտուգանվեն նաև ինքնամեկուսացման կարգը խախտողները։ Մուտքի– ելքի սահմանափակումները խախտողները կտուգանվեն 50–70 հազար դրամով։