Արսեն Բաբայանը նոր նախաձեռնություն է սկսում

ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը քաղաքական դրդապատճառներով 22 օր բանտում անցկացնելուց հետո հրավիրած ասուլիսում հայտարարեց, որ այսուհետ սկսում է զբաղվել իրավապաշտպանության ակտիվ գործունեությամբ։ Բաբայանը հետագայում էլ մի քանի անգամ տարբեր առիթներով հաստատեց այդ որոշումը։
«Հրապարակին» հաջողվել է որոշակի մանրամասներ ստանալ Արսեն Բաբայանի գործունեությունից։ Մասնավորապես, պարզել ենք, որ նա այժմ ակտիվ քննարկումների մեջ է հանրությանը հայտնի եւ անհայտ տարբեր մասնագետների հետ, որոնցից էլ պատրաստվում է ձեւավորել իր ապագա թիմը։
Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ Բաբայանը մտադիր է ակտիվ ներգրավվել հատկապես կոռուպցիայի դեմ պայքարի բնագավառում, որի համար արդեն ստեղծել է «Ազգային Հակակոռուպցիոն Խորհուրդ» հասարակական կառույցը։ Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ այժմ ավարտին է մոտենում Ազգային հակակոռուպցիոն խորհրդի կառուցվածքի, մարմինների եւ դրանցում ընդգրկված անձանց նշանակումների աշխատանքները։
Մեզ հայտնի դարձավ, որ նշված խորհուրդն ունենալու է տարբեր ճյուղեր, որոնցից են բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հարցերով զբաղվող հանձնաժողովը, դատարանների անկախության եւ իրավապահ մարմինների գործունեության օրինականության մոնիտորինգի հարցերը, արագ արձագանքման եւ քաղաքացիների իրավապաշտպանության ճյուղերը, ինչպես նաեւ լրատվամիջոցների իրավունքների պաշտպանության ոլորտը։ Արսեն Բաբայանից հետաքրքրվեցինք այս լուրերի իսկությունը, ով չհերքեց մեր տեղեկությունները՝ նշելով, որ իսկապես ինքն այժմ նախապատրաստական ակտիվ գործունեության մեջ է, սակայն չցանկացավ այս փուլում ավելի մանրամասն տեղեկություններ հայտնել, նշելով, որ, երբ ավարտվեն նախապատրաստական աշխատանքներն, իրենք հանդես կգան անհրաժեշտ իրազեկմամբ։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )