Անգրագետ Պողոսի եւ նրա պատգամավորի Ամանորը

Տարին ավարտվում է, մոտենում է տարեվերջյան ամփոփումների, պարգեւատրումների հաշվետվությունների ժամանակը, վարչապետի տիկին Աննա Հակոբյանն արդեն հանդես է եկել իր ավանդական դարձող ուղերձով՝ խոզի բդերը հանգիստ թողնելու եւ նոր տարին վայելելու։ Թեպետ կոչի հիմքում հայ կնոջն ամանորյա չարչարանքից ազատագրված տեսնելու մղումն է, վարչապետի՝ Հայաստան այցելելու եւ այստեղ փող ծախսելու կոչերի ֆոնին սպառողական մարտահրավերի պես է հնչում։ Ցավոք, «անգրագետ Պողոսը» չի ստանում պատգամավորի աշխատավարձ, որ Ամանորին գնա ճամփորդության եւ գոնե վարչապետ էլ չէ, որ իր ընտանիքի անդամների հետ փախչի անվտանգության ծառայության աշխատակիցների աչալուջ հսկողությունից եւ նմանատիպ արկածներով անմոռանալի դարձնի տոնը։ Առավելագույնը, որ կարող է թույլ տալ իրեն «անգրագետ Պողոսը», տանը հարեւանների ու բարեկամների հետ բաժակ չխկացնելու փոխարեն նույնն անելն է որեւէ սննդի օբյեկտում, կենդանի երաժշտության ներքո՝ պայմանով, իհարկե, եթե աշխատավարձը շատ չի զիջում փոխվարչապետի աշխատավարձին։
Ամանորյա այս անիմաստ թոհուբոհի, գերծախսերի ու կանանց չարչարանքի ավանդույթը սոցիալական ապահովության հետ կապված խնդիր է։ Տոնն ուտելիքի հետ կապելը եւ ճոխ սեղաններով նշելու ձգտումը աղքատի հոգեբանություն ու վարք է։ Տրամաբանությունը պարզ է՝ կա ուտելիք, ուրեմն տոն է։ Աղքատի հոգեբանության դրսեւորում են նաեւ հանրային ճոխ ու ծախսատար տոնական հանդիսությունները բարեգործների կամ համայնքային բյուջեի հաշվին։ Դրանք նաեւ կոմպենսացիոն գործառույթ են իրականացնում՝ սոցիալապես անապահով հանրությանը, որն ի վիճակի չէ սեփական միջոցներով իր համար տոն կազմակերպել, տրամադրում են որոշ հաց ու զվարճանք։ Սրանում կարելի է հեշտությամբ համոզվել՝ հպանցիկ համեմատելով, թե որ երկրում որքան գումար են պատրաստվում ծախսել Ամանորի վրա, ինչքան է արժեցել երկրի գլխավոր տոնածառը, ինչ բարձրության է, ինչով է զարդարված եւ այլն։ Օրինակ, Նյու Յորքի գլխավոր տոնածառը քաղաքին նվիրել է մի կին, դա 20 մետրանոց մի եղեւնի է, որ մեր տոնածառի կողքին բավականին անշուք տեսք ունի։ Իսկ Լոնդոնի գլխավոր տոնածառը մերի կողքին պարզապես քրջոտ մի բան է։ Հարուստ երկրներում կան տոնածառեր, որ կարող են մեր տոնածառի հետ մրցել, Իսպանիայում նույնիսկ կա տոնածառ, որ կհաղթի մերին, բայց այն հյուրանոցի տոնածառն է՝ դրված այդ հյուրանոցի ընդունարանում՝ հյուրանոցի հաշվին եւ ոչ թե համայնքային բյուջեի։ Ակնառու է, որ զարգացած ժողովրդավարությամբ երկրներում կառավարող ուժը պատասխանատվությամբ է վերաբերվում հանրային միջոցներին։ Փոխարենը նախկին ԽՍՀՄ տարածքում ընդունված բան են շքեղ ու ծախսատար հանդիսությունները պետական բյուջեի հաշվին։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )