ԱՄՆ-ի ճնշումը միավորեց Չինաստանն ու Ռուսաստանը. նրանց համագործակցությունն ահռելի սպառնալիք է Արևմուտքի համար. Noonpost
Չինաստանն ու Ռուսաստանը գիտեն՝ ինչպես օգտվել արտաքին ճնշումից։ Նրանք մշակել են ռազմավարություն, որը կարող է կանխել ցանկացած ճգնաժամ, և կարողացան իրավիճակը շրջել իրենց օգտին։ Օրինակ՝ մինչ համավարակի ժամանակ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը փորձում էր Պեկինին մեղադրել կորոնավիրուսի տարածման համար, վերջինս օգտվեց իրավիճակից և Ռուսաստանին ներգրավեց հրթիռային հարձակման նախազգուշացման համակարգի մշակման մեջ, ինչը հսկայական սպառնալիք է Արևմուտքի համար, եգիպտական Noonpost թերթում հրապարակված հոդվածում գրում է Ահմեդ Ֆաուզի Սալիմը, փոխանցում է inosmi.ru-ն։
Երկու երկրները համաճարակի ժամանակ ձևավորել են միջազգային հարաբերությունների նոր սկզբունքներ։ Ռուս-չինական համագործակցության զարգացումը տեղի է ունենում Արևմուտքի նկատմամբ թշնամանքի ֆոնին և չի սահմանափակվում պաշտպանական ոլորտով, գրում է հոդվածագիրը։
Նրա խոսքով՝ կորոնավիրուսի համավարակի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանի հետ բացահայտ առճակատման էր գնացել՝ հայտարարելով տարբեր պատժամիջոցների, մաքսային տուրքերի մասին և հանդես էր գալիս բարձրագոչ հայտարարություններով։ Թրամփին նաև հաջողվել է համոզել իր կողմնակիցներին, որ Չինաստանը սպառնալիք է ներկայացնում ԱՄՆ-ի ներկայի ու ապագայի համար, ուստի, հոդվածագրի խոսքով, Թրամփի հռետորաբանությունը ԱՄՆ-ի դեմ միավորեց Չինաստանին ու Ռուսաստանին։Ինչպես նշում է Սալիմը, այս ընթացքում Չինաստանը և Ռուսաստանը ստորագրել են անվտանգության պայմանագիր, որը նախատեսում է հրթիռային հարձակումներից կողմերի հրաժարում, սահմանին լայնածավալ ռազմական գործողությունների մասին տեղեկատվության փոխանակում, ինչպես նաև օդային, ծովային և ցամաքային վարժանքների իրականացում և Պեկինին առաջավոր պաշտպանական տեխնոլոգիաների, այդ թվում՝ «երկիր-օդ» դասի ռազմական ինքնաթիռների և հրթիռների մատակարարում, որոնց շնորհիվ Չինաստանը դարձել է ռուսական սպառազինության խոշորագույն ներկրողը:
Արևմուտքի երկրները մտահոգված են ռուս-չինական համագործակցությամբ, քանի որ երկու երկրները մեծ հեռահարության բալիստիկ հրթիռների հարձակման նախազգուշացման համակարգեր են մշակում, և դեռևս հայտնի չէ՝ թե արդյոք նրանց համագործակցությունը կտարածվի փոքր հեռահարության հրթիռների վրա: Կարելի է ասել, որ այդ ոլորտում համագործակցությունը մեծ փորձություն կդառնա միջազգային համակարգի, ինչպես նաև խոշոր տերությունների և տարածաշրջանային խաղացողների համար, հավելում է հոդվածագիրը։