Ազգային ժողովում 2019թ.-ին մեկ անձից գնումները կազմել են ընդհանուրի 42%-ը՝ գերազանցելով 180 միլիոն դրամը. համետական փաստեր

Վերջին երկու տարիներին պետական գնումների համակարգում կտրուկ աճել են առանց մրցույթի` մեկ անձից կատարվող գնումները։ Մեկ անձից գնումները «Գնումների մասին» ՀՀ օրենքով նախատեսված ընթացակարգ է, սակայն այդպիսի գնումները պետք է հիմնավոր լինեն, քանի որ պետական մարմինների կողմից կոռուպցիոն ռիսկերի հավանականությունն այս ընթացակարգի պարագայում չափազանց բարձր է։
Պետության կարիքների համար գնումների էլեկտրոնային համակարգում (Armeps.am) մեր նախնական ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ 2018-2019 թթ.-ին պետական գրեթե բոլոր հաստատություններում ավելացել են մեկ անձից կատարվող գնումները։ Սա այն դեպքում, երբ ներկայիս իշխանությունը բազմիցս քննադատել է նախորդ իշխանություններին մեկ անձից կատարվող գնումների համար՝ դրա մեջ տեսնելով կոռուպցիոն և պետական գնումների համակարգում մենաշնորհների անցնելու վտանգ։
Այս հրապարակմամբ կանդրադառնանք ՀՀ Ազգային ժողովում այդ ժամանակահատվածում մեկ անձից կատարված գնումներին։
Այսպես, 2019 թվականի նոյեմբերի 22-ի դրությամբ ՀՀ Ազգային ժողովի իրականացրած գնումների ընդհանուր գումարը կազմում է 436,061,325 դրամ։ Գնումներն իրականացնելու համար կնքվել է 171 պայմանագիր 127 մատակարար կազմակերպության հետ։
Նշված ժամանակահատվածում ԱԺ-ն բաց մրցույթի ընթացակարգով գնումներ չի կատարել։ Գնումների 41%-ը եղել է գնանշման հարցման ընթացակարգով, 17%-ը՝ էլեկտրոնային աճուրդի ընթացակարգով, իսկ 42%-ը՝ մեկ անձից գնման ընթացակարգով, որից 22%-ը՝ հրատապ մեկ անձից գնման ընթացակարգով։Նոյեմբերի 21-ի դրությամբ ՀՀ Ազգային ժողովն իր կարիքների համար 171 գնումներից 84-ն իրականացրել է մեկ անձից գնման ընթացակագրով, որից 2-ը՝ հրատապ մեկ անձից գնման ընթացակարգով։ Մեկ անձից գնումների ընդհանուր գումարը կազմում է 182,669,155, որից 93,640,000 դրամը՝ հրատապ մեկ անձից գնման ընթացակարգով։
Համեմատության համար նշենք. 2018թ. մեկ անձից գնման ընթացակարգով գործարքների թիվը եղել է 83, ընդհանուր գումարը՝ 185,436,220 դրամ, իսկ 2017թ. մեկ անձից գնման ընթացակարգով գործարքների թիվը եղել է 9-ը, որից 1-ը՝ հրատապ, իսկ ընդհանուր գումարը՝ 41,123,220 դրամ, որից հրատապ՝ 13,999,200 դրամ։
Այսինքն՝ ՀՀ Ազգային ժողովում 2018թ.-ին մեկ անձից գնումների ընդհանուր գումարը 4,5, իսկ 2019թ.-ին՝ 4,4 անգամ ավել է 2017թ.-ին արված մեկ անձից գնումներից։Նկատենք, որ մեկ անձից գնումների մեծ մասը արվել է պաշտոնական պատվիրակությունների ընդունելության համար միջոցառումների կազմակերպման, հյուրասիրությունների, հյուրանոցային սպասարկման ծառայությունների, հուշանվերների ձեռքբերման համար։ Սակայն այս ընթացակարգով ձեռք են բերվել նաև ծաղկային կոմպոզիցիաներ, գյուղատնտեսական ապրանքներ, շնորհավորական բացիկներ և այլն։ Իսկ հրատապ մեկ անձից գնման ընթացակարգով ձեռք են բերվել անվտանգության սարքեր և աուդիտորական ծառայություններ։
Հիշեցնենք, որ 2018 և 2019թթ. ընթացքում Ազգային ժողովում գնումների վերաբերյալ սկանդալներն անսպառ էին՝ սկսած «Վարդավառ»-ի տոնի կազմակերպումից մինչև Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառումներ, որոնց ծախսերի ուսումնասիրությունից պարզ դարձավ, որ գնումները մի շարք դեպքերում իրականացվել են խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքներով։
Այսպիսով՝ կարող ենք փաստել, որ ՀՀ Ազգային ժողովում կոռուպցիոն մեծ ռիսկեր պարունակող մեկ անձից գնումների ծավալները գնալով ավելանում են՝ ավելի ու ավելի բարձրացնելով կոռուպցիայի վտանգը։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )