Toyota-ն նոր պաշտոնական ներկայացուցչություն կունենա Երևանում. ո՞վ է լինելու երկրորդ դիլերը

Ambion.news-ի տեղեկություններով` ճապոնական ավտոարդադրության գիգանտ Toyota ընկերությունը որոշել է երկրորդ ավտոսրահը բացել Երևանում, որը կգործի «Տոյոտա Երևան» ավտոսրահից անկախ, բայց միաժամանակ կլինի Toyota-ի լիիրավ ներկայացուցիչն ու պաշտոնական ավտոսրահը ՀՀ տարածքում: Նշենք, որ Վրաստանում ևս Toyota-ն երկու սրահ ունի` ելնելով շուկայի պահանջարկից, սակայն Հայաստանի համար սա զարմանալի որոշում է, քանի որ վաճառքի ծավալներով Հայաստանը զիջում է Վրաստանին:

«Տոյոտա Երևան» ընկերությունից մեր հարցին ի պատասխան` ասացին, որ այո, իրենք էլ են տեղյակ, որ երկրորդ պաշտոնական ներկայացուցչություն է բացվելու Հայաստանում, բայց այլ մանրամասների չեն տիրապետում: Հիշեցնենք, որ «Տոյոտա Երևան» ընկերությունում փայատեր են ՀՀ երկրորդ նախագահի մտերիմ գործարար Սամվել Մայրապետյանն ու Քոչարյանի ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը:

MakaryanNews-ի տեղեկություններով` Toyota-ն երրորդ ավտոսրահ բացելու համար տենդեր է հայտարարել, որին մասնակցել է մոտ 1 տասնյակ ընկերություն, այդ թվում` ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանին` Դերժավայի Արկադին պատկանող «Սլավ մոթորս» ընկերությունը, որը Audi-ի պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում, Mercedes-Benz-ի պաշտոնական ներկայացուցիչ «Ավանգարդ մոթորսը», վրացական «Տեգետա մոթորս» ընկերությունը, Հայաստանում չինական Chery և AVATR բրենդերի պաշտոնական ներկայացուցիչ VG Motors ընկերությունը և ոչ միայն: Ճապոնացիների հայտարարած մրցույթի չափանիշներին բավարարել և հաղթող է ճանաչվել VG Motors-ը: Վերջինիս հիմնադիրը «Տոյոտա Երևան» ընկերության նախկին տնօրեն և փայատեր Վահե Գզրարյանն է, որը 2024 թվականից դուրս է եկել այնտեղից և վաճառել իր փայաբաժինը:

Վերջինս մեզ հետ զրույցում հաստատեց, որ ինքն է հաղթել մրցույթը,նև շուտով Toyota-ն կունենա նոր պաշտոնական ավտոսրահ, որը կկոչվի «Toyota Center VG»: Գզրարյանը չցանկացավ մանրամասնել, թե ինչպես է ստացվել, որ Toyota-ն որոշել է երկրորդ պաշտոնական ներկայացուցչությունը բացել Հայաստանում` գործող սրահից անկախ և առանձին տենդեր հայտարարելով, միայն նշեց, որ սա ճապոնացիների քաղաքական որոշումն է:

Toyota-ի նոր ավտոսրահը կգործի օդանավակայանի ճանապարհին` Փարաքար, Մհեր Մկրտչյան 1 հասցեում, որտեղ Chery և AVATR բրենդերի ավտոսրահներն են: Գզրարյանն ասաց` այժմ այնտեղ ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում, որպեսզի սեպտեմբերին հասցնեն ընկերության պաշտոնական բացումն անել:

Share This