INTEGRAL-ը Հայաստանում կներկայացնի հիպնոզի ժամանակակից գիտահեն մոտեցումները

Շվեյցարիայում 2023 թվականին հիմնադրված INTEGRAL հոգեբանական և վարքաբանական ծառայությունների ու հետազոտությունների կազմակերպությունը ընդլայնում է իր գործունեությունը՝ մուտք գործելով նաև հայկական շուկա։ Կազմակերպության հիմնադիր և տնօրեն Լոռա Սգոլիկի ղեկավարությամբ 2025 թվականին հիմնադրվել է նաև հայկական մասնաճյուղը՝ INTEGRAL Armenia-ն։

Նորաստեղծ մասնաճյուղի նպատակն է զարգացնել և Հայաստանում ներկայացնել ժամանակակից, գիտահեն հոգեբանական մոտեցումներ՝ նպաստելով ոլորտի առաջընթացին և մասնագիտական նոր գործիքների ներդրմանը։

INTEGRAL Armenia-ի գործունեության շրջանակներում արդեն այս տարի նախատեսվում է Հայաստանում կազմակերպել բացառիկ միջոցառում՝ հյուրընկալելով համաշխարհային ճանաչում ունեցող հիպնոզի երկու առաջատար մասնագետների՝ Շոն Մայքլ Էնդրյուսին և Նիկոլ Վաքերնագելին։

Նիկոլ Վաքերնագելը մասնագիտացած է կլինիկական հիպնոզի ոլորտում։ Նա հանդիսանում է Շվեյցարական հիպնոզի ինստիտուտի հիմնադիրն ու տնօրենը, ինչպես նաև գլխավոր մարզիչը։ Իր գործունեության ընթացքում նա համագործակցում է Շվեյցարիայի առաջատար համալսարանական հիվանդանոցների հետ՝ կիրառելով հիպնոզը բժշկական միջամտությունների ժամանակ, այդ թվում՝ այն դեպքերում, երբ անեսթեզիայի կիրառումը հնարավոր չէ։

Մյուս հրավիրյալ մասնագետը՝ Շոն Մայքլ Էնդրյուսը, ոլորտում ունի շուրջ 40 տարվա փորձ։ Նա Ատլանտայի հիպնոզի ինստիտուտի հիմնադիրն է և գլխավոր մարզիչը։ Էնդրյուսը սեմինարներ է անցկացրել աշխարհի 26 երկրներում, իսկ Հայաստանը կդառնա այդ ցանկում ընդգրկված 27-րդ երկիրը։

Կազմակերպիչների խոսքով՝ նախաձեռնության հիմնական նպատակն է հիպնոզը ներկայացնել որպես արդյունավետ և գիտահեն գործիք, որը կարող է կիրառվել հոգեբանների, հոգեթերապևտների, կոուչերի և հարակից ոլորտների մասնագետների կողմից՝ ապահովելով առավել խորքային և կայուն արդյունքներ։

Միջոցառումը միտված է նաև Հայաստանում հիպնոզի նկատմամբ գիտական մոտեցման ձևավորմանը, ոլորտի հետազոտական զարգացման խթանմանը և միջազգային համագործակցության ընդլայնմանը՝ համագործակցելով առաջատար համալսարանների և հետազոտական կենտրոնների հետ, այդ թվում՝ University of California, Berkeleyի, UCLի, Stanford Universityի, University of Oxfordի և այլ հեղինակավոր հաստատությունների հետ։

Share This