Brexit-ի շուրջ <<բարդ և հիմար>> իրավիճակ է ստեղծվել. Բորիս Ջոնսոն
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Եվրամիությունից թագավորության դուրս գալու գործընթացի շուրջ ստեղծված իրավիճակը «շատ բարդ և շատ հիմար է» անվանել: Այդ մասին նա հայտարարել է բրիտանացիներին ուղղված տեսաուղերձում, որը հրապարակվել է Twitter-ի էջում, հաղորդում է ТАСС-ը:
«Իրավիճակը շատ բարդ է, և ես վախենում եմ, որ խորհրդարանն անհույս է: Թեև նախորդ շաբաթ մեր եվրոպական գործընկերների հետ հրաշալի գործարքի շուրջ համաձայնության էինք եկել, սակայն պատգամավորները քվեարկեցին Brexit-ի ժամկետի հետաձգման օգտին: Սա ահավոր հիմար իրավիճակ է, քանի որ հիմա Եվրամիությունն է որոշում է, թե որքան ենք մենք դեռ ստիպված մնալ Եվրամիության կազմում»,- ասել է Ջոնսոնը՝ ընդգծելով, որ նման իրավիճակում երկիրը հայտնվել է բրիտանացի պատգամավորների պատճառով, որոնք ընդունել են «պարտվողական օրենք», ինչը վարչապետին ստիպել է ԵՄ-ին խնդրել հետաձգել Brexit-ի ժամկետը:
Ջոնսոնը, որն արտահերթ խորհրդարանական ընտրությունների կողմնակից է, հավելել է, որ Համայնքների նոր պալատի ձևավորումը լավագույն ելքն է թագավորության համար: Մեծ Բրիտանիայի վարչապետը մտադիր է երկուշաբթի արտահերթ ընտրությունների անցկացման հարցը քվեարկության դնել խորհրդարանում: Սակայն, ըստ նրա, ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության ներսում առկա պառակտումը կարող է խոչընդոտել ընտրությունների անցկացմանը՝ երկարացնելով Brexit-ի շուրջ անորոշությունը:
