Անապայում ձերբակալված Սուրեն Գելոյանն իր արարքը համարում է «մանր խուլիգանություն» (տեսանյութ)
Ռուսաստանի Դաշնության Անապա քաղաքում ձերբակալված 39-ամյա Սուրեն Գելոյանը, որը քաղաքի հրաձգարաններից մեկում հարձակվել էր աշխատակցուհու վրա՝ իր կրակելու ցանկությունը մերժելու համար, ցուցմունքի ժամանակ իր արարքը որակել է որպես «մանր խուլիգանություն»:
Ինչպես հայտնում է Life.ru-ն, նա խոստովանել է մեղքը: Նշվում է, որ Կրիմսկ քաղաքի բնակիչ Գելոյանը նախկինում քրեական երեք գործերով ամբաստանյալ է եղել, սակայն ինչ-ինչ պատճառներով գործերն ընթացք չեն ստացել և փակվել են: Բոլոր երեք դեպքերում էլ բերման ենթարկելու պատճառն եղել է վիճաբանությունը:
Հիշեցնենք, որ Գելոյանն Անապայում հանգստանալիս որոշել էր ընկերների հետ կրակել հրաձգարանում: Աշխատակցուհին մերժել էր նրան, քանի որ նա ալկոհոլի ազդեցության տակ էր եղել: Այդ ժամանակ տղամարդն սկսել էր ջարդուփշուր անել այն ամենը, ինչ ընկել էր ձեռքի տակ: Նա անգամ զենքով հարվածել էր աղջկա ճակատին:
Միջադեպից հետո աղջիկը ոստիկանություն էր դիմել, ինչից հետո սկսել էր սպառնալիքներ ստանալ Գելոյանի հարազատներից, որոնք պահանջել են հետ վերցնել դիմումը: Գելոյանը մեղայականով բաժանմունք էր ներկայացել, երբ իմացել էր, որ իր նկատմամբ հետախուզում է հայտարարվել:
