ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՄ.Հրաչուհի Փալանդուզյան
ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՄ
Որպես Հայաստանի քաղաքացի, ով հարգում է իր պետության Սահմանադրությունը, հավատարիմ է միջազգայնորեն ընդունված մարդասիրական չափանիշներին, ՀՀ կառավարողներից պահանջում եմ հրապարակել Արևմտյան Հայաստանը զավթած, հայաթափած և միլիոնավոր իմ հայրենակիցներին դաժանաբար սպանած օսմանյան թուրքիայի ժառանգորդ այսօրվա իշխանությունների ՄԵՂԱՅԱԿԱՆԸ՝ կատարած ցեղասպանբության համար, ինչպես նաև նրա ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅՈՒՆԸ՝ վնասների փոխհատուցում տալու և ՆԵՐԳԱՂԹ կազմակերպելու մասին:
Որպես հիշեցում նշեմ, որ այդ տիեզերական ոճիրը որպես ցեղասպանություն ընդունել և դատապարտել է աշխարհի 30-ից ավելի առաջնակարգ երկիր, այդ թվում՝ ԱՄՆ-ը, ՆԱՏՕ-ի և Եվրամիության շատ երկրներ:
Պահանջում եմ հրապարակել վերոնշյալը հաստատող փաստաթղթեր, ձայնագրություններ ու տեսանյութեր:
Առայժմ համացանցում հասանելի է սա, ինչը զորավոր փաստ է առ այն, որ թուրքիա կոչեցյալ ցեղասպան պետության հետ դեռևս անհնար է հաշտության եզրեր գտնել, ուր մնաց, թե ենթարկվել նրա գրգռված ախորժակի նորագույն գրոհներին:
Պահանջում եմ հարգել ՄԱԿ-ի հավասարազոր անդամ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և հայի ապրելու աստվածատուր իրավունքը:
Անհապաղ դուրս եկեք դիվանագիտական ջունգլիներից, որտեղ խճճվել եք մինչև կոկորդներդ և գործեք ի շահ մեր պետության: Եթե սա համարում եք անկարելի, վեր ձեր կարողություններից ու տված ապօրինի խոստումներից, հեռացեք:
Հրաչուհի Փալանդուզյան
Լրագրող, արձակագիր
14.07.2022թ
ՀԳ. Ընկերներիցս ներողություն եմ խնդրում այս ահասարսուռ տեսարանի համար…
