Դավիթ Առուշանյանն այսօր հյուրընկալել է առաջին անգամ պաշտոնական այցով Գյումրիում գտնվող Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին

Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալ Դավիթ Առուշանյանն այսօր հյուրընկալել է առաջին անգամ պաշտոնական այցով Գյումրիում գտնվող Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին։

Դավիթ Առուշանյանը, ողջունելով հյուրին, խոսել է հայ-չինական դարավոր բարեկամության, երկու երկրների միջև 30-ամյա դիվանագիտական հարաբերությունների արդյունավետության, ինչպես նաև Գյումրի-Սիան քույր-քաղաքների համագործակցության կարևորության մասին: Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալն իր երախտագիտությունն է հայտնել ՀՀ-ում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպանությանը՝ «Ժպիտ» մանկապարտեզ ՀՈԱԿ-ում 2019 թվականին վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար:

Դեսպան Ֆան Յոնգն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, նշել, որ չինացի զբոսաշրջիկները Գյումրիով շատ են հետաքրքրված: Դեսպանի խոսքով՝ նախնական աշխատանքներ են տարվում՝ Չինաստանից Հայաստան և հակառակ ուղղությամբ ավիափոխադրումներ իրականացնելու համար՝ շեշտելով, որ այս տեսանկյունից իրենց ուշադրության կենտրոնում է նաև Գյումրիի «Շիրակ» օդանավակայանը: Դավիթ Առուշանյանն ընդգծել է, որ Գյումրիի տնտեսության գերակա ճյուղը զբոսաշրջությունն է՝ հաշվի առնելով մարդկային և մշակութային ներուժը: Համայնքի ղեկավարի տեղակալը ներկայացրել է ոլորտի զարգացման ուղղությամբ ձեռնարկված քայլերը։ Միևնույն ժամանակ, վերահաստատել է Գյումրու համայնքապետարանի պատրաստակամությունը՝ աջակցել Գյումրիում արտադրություն հիմնելու ցանկություն ունեցող չինացի գործարարներին՝ կարևորելով ներդրումային և փոխշահավետ ծրագրերի իրականացումը: Երկու կողմերը քննարկել են նաև այլ ոլորտներին առնչվող հարցեր:

Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալ Դավիթ Առուշանյանի ուղեկցությամբ դեսպանն այցելել է Շիրակի մարզային գրադարան, եղել «Ժպիտ» մանկապարտեզ ՀՈԱԿ-ում և Դիջիթլ Փոմեգրանեթ ընկերությունում:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )