Ռոբերտ Քոչարյանը մեկ տարի է՝ մեղադրյալի կարգավիճակում է

«Մարտի 1»-ի գործից առանձնացված մասով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ նախկին չորս բարձրաստիճան պաշտոնյաներ. ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է Սահմանադրական կարգի տապալման և առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեջ, 2008-ին ԳՇ պետի տեղակալ Յուրի Խաչատուրովը մեղադրվում է  սահմանադրական կարգի տապալման մեջ, 2008-ին  ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Սեյրան Օհանյանը մեղադրվում է սահմանադրական կարգի տապալման մեջ, իսկ 2008-ի դեպքերին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանը մեղադրվում է սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելու, հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու , ինչպես նաև առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալու մեջ:

Չորս մեղադրյալներից կալանավորված է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Tert.am–ը ներկայացնում ՀՀ երկրորդ նախագահի քրեական հետապնդման ժամանակագրությունը։

2018թ. հուլիսի 26. Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվում

2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվում ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Նույն օրը միջնորդություն է ներկայացվում Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Հուլիսի 28. Ռոբերտ Քոչարյանը կալանավորվում է

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը 7 ժամ տևած քննությունից հետո բավարարում է «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ նախաքննական մարմնի ներկայացրած միջնորդությունը։ ՀՀ երկրորդ նախագահը կալանավորվում է 2 ամիս ժամկետով։



Հուլիսի 30. գույքի ու բանկային հաշիվների կալանքը

2018 թվականի հուլիսի 30-ին, Ռ․ Քոչարյանին մեղադրանք առաջադրելուց 4 օր անց, կալանք է դրվում նրա՝ ինչպես գույքի, այնպես էլ բանկային հաշիվների վրա:

Օգոստոսի 13. Ռոբերտ Քոչարյանն ազատ է արձակվում կալանքից

Վերաքննիչ դատարան դատավոր Ալեքսանդր Ազարյանի որոշմամբ՝ անձեռնմխելիության հիմքով Ռոբերտ Քոչարյանը ազատ է արձակվում կալանքից. «Ռոբերտ Քոչարյանն օգտվում է անձեռնմխելիության իրավունքից, չի կարող անձը ենթարկվել քրեական հետապնդման և պատասխանատվության իր պաշտոնավարման և պաշտոնավարումից հետո, եթե նրա գործողությունները բխել են իր կարգավիճակից։ Եթե անձեռնմխելիության հարցն այսպես լուծվեց, ապա մնացած հարցերին դատարանը չպետք է անդրադառնա»,- ասում է պաշտպան Ռուբեն Սահակյանը՝ մեկնաբանելով դատարանի որոշումը:

Նոյեմբերի 15.Վճռաբեկի որոշում և հատուկ կարծիք

Նոյեմբերի 15-ին Վճռաբեկ դատարանը մասնակի բավարարում է Գլխավոր դատախազության բողոքը՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորման վերաբերյալ որոշումը կրկին հասցեագրելով Վերաքննիչ դատարանին: Դատախազությունը Վճռաբեկ դատարանից պահանջել էր բեկանել Վերաքննիչի որոշումն ու ուժի մեջ թողնել առաջին ատյանի որոշումը՝ կալանքը որպես խափանման միջոց:

Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Սերժիկ Ավետիսյանը գտնում է, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի, ինչպես նաև մեղադրյալի պաշտպաններ Հայկ Ալումյանի, Ռուբեն Սահակյանի, Հովհաննես Խուդոյանի և Արամ Օրբելյանի նախագահի անձեռնմխելիության վերաբերյալ բողոքների վարույթն անհրաժեշտ է կասեցնել և սահմանադրականության հարցը որոշելու համար դիմել Սահմանադրական դատարան:

Դեկտեմբերի 7. Ռոբերտ Քոչարյանը կալանավորվում է

Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի, հրապարակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ առաջին ատյանի դատարանի` կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշման դեմ պաշտպանական կողմի բերած բողոքների վերաբերյալ որոշումը: Առաջին ատյանի դատարանի որոշումը թողնվում է անփոփոխ, պաշտպանական կողմի բողոքները մերժվում են:

2019 թվականի հունվարի 9. ՀՔԾ–ն մերժում է քրեական հետապնդումը դադարեցնելու մասին միջնորդությունը

Հատուկ քննչական ծառայությունը մերժում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին միջնորդությունը: ՀՀ երկրորդ նախագահի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ՝ հունվարի 9-ին պաշտպանական խմբի ներկայացրած միջնորդությունը Հատուկ քննչական ծառայության քննիչը մերժում է՝ այն պատճառաբանելով նրանով, որ մեղադրանքն առաջադրվել է օրենքով սահմանված կարգով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա և առկա չեն քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ:

Միջնորդությամբ նշվել էր, որ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով՝ ապօրինի է:

Հունվարի 18. Կալանքի ժամկետը երկարացվում է

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված կալանավորումը ևս երկու ամսով երկարացվում է․ որոշումը բողոքարկվում է Վերաքննիչ դատարան։ Միևնույն ժամանակ դատարանը մերժում է պաշտպանական խմբի ներկայացրած՝ կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը:

Հունվարի 30. Սահմանադրական դատարանի մերժումը

Սահմանադրական դատարանի հունվարի 25-ի որոշմամբ մերժվում է Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա քրեական դատավարության օրենսգրքի 414․2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործի քննությունը:

Փետրվարի 12. նոր մեղադրանք

Հատուկ քննչական ծառայությունը Ռոբերտ Քոչարյանին նոր մեղադրանք է առաջադրում: Բացի ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածից՝ սահմանադրական կարգի տապալումից, Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու վերաբերյալ:

Ռոբերտ Քոչարյանին առաջադրված նոր մեղադրանքն առնչվում է քաղաքացի Սիլվա Համբարձումյանի կողմից կատարված՝ ենթադրյալ կաշառք տալու հայտարարությանը:

Փետրվարի 14.Սահմանադրական դատարանը գործը վարույթ է ընդունում 

Սահմանադրական դատարանն աշխատակարգային որոշմամբ անդրադառնում է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի կողմից ներկայացված՝ հունվարի 18-ի դիմումին և որոշում է վարույթ ընդունել:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի կողմից ՍԴ ներկայացված դիմումը վերաբերում է Քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված օրենսդրական կարգավորումներին:

Փետրվարի 15. գործի նախաքննության ավարտ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ գործով Հատուկ քննչական ծառայությունը հայտարարում է նախաքննության ավարտի մասին։

Նախաքննության ավարտ է հայտարարվում ինչպես ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով՝ սահմանադրական կարգի տապալումը, այնպես էլ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալը։

Մայիսի 7. Սահմանադրական դատարանի որոշում

ՀՀ Սահմանադրական դատարանը քննության առնելով ՀՀ երկրորդ նախագահ՝ Ռոբերտ Քոչարյանի դիմումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ մասի վերաբերյալ, որոշում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանը գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վերաբերյալ կայացնում է վերջնական դատական ակտ և հենց այդ մեկնաբանությամբ նորմը համապատասխանում է ՀՀ Սահմանադրության պահանջներին:

Սահմանադրական դատարանի այս դիրքորոշումը նշանակում է, որ գործն ըստ էության չլուծող դատական ակտերի, այդ թվում՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշումների բողոքարկման դեպքում Վճռաբեկ դատարանը չի կարող գործն ուղարկել նոր քննության, այլ ինքը պետք է կայացնի վերջնական որոշում:

Սահմանադրական դատարանը նաև նշել է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրենքը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ Վճռաբեկ դատարանի կողմից կիրառվել է այլ՝ Սահմանադրական դատարանի մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ, Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կայացված դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման՝ օրենքով սահմանված կարգով: Ուստի, Վճռաբեկ դատարանի 2018թ նոյեմբերի 15-ի որոշումը ենթակա է վերանայման:

Մայիսի 18. Ռոբերտ Քոչարյանն ազատ է արձակվում կալանքից

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Դավիթ Գրիգորյանի, Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխում է:

Դատարանի որոշմամբ՝ Արցախի Հանրապետության ներկա և նախկին նախագահներ՝ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի ներկայացրած անձնական երաշխավորությամբ Ռոբերտ Քոչարյանն ազատ է արձակվում կալանքից:

Հունիսի 7. Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի գործը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը Հովհաննես Խուդոյանի ներկայացրած բողոքը բավարարում է մասնակի արձանագրելով՝ Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտում:

Միաժամանակ, Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտումը վերացնելու՝ վարույթն իրականացնող մարմնի և քննիչ Մուշեղյանին վարույթից հեռացնելու՝ դատախազի պարտականությունները սահմանելու պահանջի մասով դատարանը բողոքը մերժում է:

Հունիսի 25. Ռոբերտ Քոչարյանը կրկին կալանավորվում է

Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ Արմեն Դանիելյանի, բավարարում է դատախազի, տուժողի և վերջինիս ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի վերաքննիչ բողոքները։

Դատարանի որոշմամբ վերացվում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված Արցախի նախկին ու ներկա նախագահների անձնական երաշխավորությունը և որոշվում է որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը։

Հուլիսի 11. Վճռաբեկ բողոքներ

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հուլիսի 11-ին, վճռաբեկ բողոքներ է ներկայացնում նախագահի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերացնելու վերաբերյալ։

Հուլիսի 16. Վճռաբեկ բողոքներ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը վճռաբեկ բողոք է ներկայացնում նախագահի նկատմամբ հարուցված քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշման բեկանման դեմ։

Մինչ այդ՝ հուլիսի 11-ին պաշտպանները վճռաբեկ բողոքներ էին ներկայացրել Ռ․ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերացնելու վերաբերյալ։

Հուլիսի 18. ՍԴ-ն դիմում է ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով

Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ-ն որոշում է խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) և Վենետիկի հանձնաժողով։

«Սույն թվականի հուլիսի 18-ին Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանն ընդունեց աշխատակարգային որոշումներ՝ «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործերով խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով Մարդու իրավունքների եվրոպական դատարանին և Վենետիկյան հանձնաժողովին դիմելու և այդ կապակցությամբ հիշյալ գործերի վարույթները՝ մինչև պատասխանները ստանալը, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 56-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետի հիմքով կասեցնելու վերաբերյալ»,- ասվում է ՍԴ հայտարարությունում:

Հուլիսի 24. Գույքի մասով դատախազության վերաքննիչ բողոք

Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արսեն Նիկողոսյանի, մերժում է դատախազների բողոքը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի և բանկային հաշիվների վրա դրված կալանքի վերաբերյալ Աննա Դանիբեկյանի կայացրած որոշման դեմ։

Հեղինակ Բեթղեհեմ Արաբյան

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )